«Վերջնական նպատակն է, որ Արցախը մնա հայկական ու ճանաչվի որպես այդպիսին». կոնգրեսական Ֆրենք Փալոունի հարցազրույցը АNCA-ին (տեսանյութ)

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հարցազրույց է տվել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի՝ կառավարության հետ կապերի գծով տնօրեն Րաֆֆի Քարքաշյանին, որի ընթացքում նա Արցախի մշակույթի և արցախցիների նկատմամբ ունեցած հիացմունքից բացի խոսել է նաև Միացյալ Նահանգների՝ Արցախի Հանրապետության նկատմամբ սահմանած մի շարք սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, կոնգրեսականը թվարկել է մի շարք խոչընդոտներ, որոնց Կոնգրեսի անդամները բախվում են Արցախ մեկնելու մտադրություն ունենալու դեպքում:

«Նախևառաջ դու չես կարող որևէ ամերիկյան փոխադրամիջոցով Արցախ հասնել, բացի այդ, Պետդեպն անընդհատ ասում է, որ դա անվտանգ չէ, հետևանքներ են լինելու, հայտնվելու ես Ադրբեջանի իշխանությունների «սև ցուցակում»»,-նշել է Փալոունը:

Քաղաքական գործչի համոզմամբ՝ իշխանություններն անընդհատ փորձում են վախեցնել Արցախ գնալ ցանկացողներին:

«Եվ ակնհայտ է, որ եթե նրանք փորձում են վախեցնել ինձ ու Կոնգրեսի իմ գործընկերներին, ապա նույնն անում են նաև մասնավոր անձանց և գործարարների դեպքում»,-ասել է կոնգրեսականը:

Բացի այդ, Փալոունն անդրադարձել է մարտի սկզբին ներկայացված բանաձևին, որի նպատակն է ստիպել ԱՄՆ իշխանություններին չեղարկել Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու սահմանափակումները:

«Այդ սահմանափակումներն անիմաստ են, քանի որ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ շփումներ ունենալ արցախցիների հետ, որպեսզի հասկանանք, թե այնտեղի ժողովուրդն ու կառավարությունն ինչի են առնչվում»,-ասել է կոնգրեսականը՝ ընդգծելով, որ Արցախը գործող ժողովրդավար երկիր է, ունի շուկայական տնտեսություն, ինչով շատ նման է ԱՄՆ-ին և առհասարակ Արևմուտքին:

Փալոունի կանխատեսմամբ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա երկրների միջև կլինի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցություն, սակայն քանի դեռ գործում են ամերիկյան կողմի սահմանափակումները, համագործակցությունն անօգուտ է:

Հարցազրույցի ընթացքում կոնգրեսականը նաև հիշեցրել է, որ վերջերս դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով հանձնաժողովին՝ կոչ անելով 2020թ. բյուջեի նախագծի շրջանակում Արցախի Հանրապետությանը տրամադրվելիք օգնության չափն ավելացնել:

«Շրջափակման և այլ պետությունների՝ այդ թվում նաև մեր կողմից չճանաչված լինելու փաստը վտանգում է Արցախի տնտեսությունը: Մինչդեռ ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ճանաչմանն ուղղված ևս մի քայլ կլինի: Իմ կողմից ցանկանում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի ցույց տամ, որ այդ երկիրն իրական է, այնտեղ է, այն գոյություն ունի և ժողովրդավար է, գործում է մնացած մյուս երկրների պես և, իհարկե, տնտեսական աջակցությունն ու ճանաչումը շատ կարևոր են նրա համար»,-ասել է Փալոունը՝ հավելելով, որ Արցախին և Հայաստանին արտասահմանյան օգնության չափն ավելացնելու վերաբերյալ բաց նամակն արդեն ստորագրել է 32 օրենսդիր:

Աղբյուրը նշում է, որ Փալոունն ամերիկացի կոնգրեսականների շրջանում Արցախ կատարած ուղևորությունների թվով ռեկորդակիր է և այժմ անհամբեր սպասում է հաջորդ այցի հնարավորությանը:

«Ինձ մոտ միշտ վերադառանալու ցանկություն կա: Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, և Արցախը շարունակի ապրել որպես անկախ երկիր կամ, եթե հանրաքվե անցկացվի, ապա դառնա Հայաստանի մաս: Բայց վերջնական նպատակն է, որ այն մնա հայկական ու ճանաչվի որպես այդպիսին՝ կա՛մ որպես հանրապետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս: Բացի այդ, ես շատ եմ սիրում այնտեղի մշակույթը: Առհասարակ սիրում եմ այն ամենը, ինչ հայկական է, և Արցախն այս առումով հայկականի մարմնավորումն է»,-եզրափակել է կոնգրեսականը: