Կառավարությունը պոզուպոչ է կպցնում. ԱԺ նիստը սկսվեց փոխադարձ մեղադրանքներով

ԱԺ հերթական նիստերի աշխատանքն այսօր սկսվեց լարված մթնոլորտում: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանին զայրացրել էր, որ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների ներկայացրած` Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի 2 նախագծերին:

Մինչ այդ նույն նախագծերի մասին բացասական եզրակացություն էր ներկայացրել նաև կառավարությունը:

«ԱԺ-ն չպիտի դառնա կառավարության դակիչը: Խորհրդարանն է կառավարության գործունեությունը վերահսկող մարմինը և ոչ թե կառավարությունը խորհրդարանի»,- ասաց Պետրոսյանը:

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, մասնավորապես պատգամավորներին, համատեղությամբ, անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել կրթական և գիտական հաստատությունների հետ:

Մինչդեռ գործող օրենքը, որն ընդունվել է 2016թ-ին, նախատեսում է կոնկրետ ժամկետով պայմանագիր: Որպես փաստարկ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ նախորդ գումարման պատգամավորներից մեկը մանդատից զրկվելուց հետո կորցրել է նաև բուհում իր աշխատանքը, քանի որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո բուհի ղեկավարությունը նոր պայմանագիր չի կնքել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գլխադասային հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը, նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացնելիս, ասաց, որ առաջարկվող կարգավորումը խտրական է, քանի որ դրանով տարանջատում է նախատեսվում աշխատողների միջև։

«Առաջարկվող նախագիծը տարածվում է միայն քաղաքական ընտրովի պաշտոնների վրա, իսկ, օրինակ, դիվանագետը կամ վարչական և հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող որոշել իր աշխատանքային պայմանագրի ժամկետը»,- ասաց պատգամավորը։

Մեկ այլ նախագծով էլ ԲՀԿ-ն առաջարկում է գործատուին թույլ տալ խզել աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողն աշխատանքի ներկայացել է, բայց հրաժարվել է կատարել աշխատանքային պարտականությունները: Այս առաջարկին ևս կառավարությունն ու ԱԺ-ի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն էին տվել:

Խորհրդարանական մեծամասնությունը երկու նախագծին էլ դեմ քվեարկեց` դրանք չընդգրկելով նիստի օրակարգում:

«Հետո էլ մեր և ձեր հարգարժան վարչապետն ասում է,որ ընդդիմության առաջարկները չեն մերժվում: Բայց ինչ-որ հակառակ տպավորություն է ստեղծվում։ Ընդդիմությունը ինչ օրինագիծ բերում է, կառավարությունը պոզուպոչ է կպցնում»,- ասաց Պետրոսյանը` իշխանության ներկայացուցիչներին հրավիրելով հեռուստաբանավեճի: Հրավերը չըդունվեց:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն իր գործընկերոջը հիշեցրեց, որ ԱԺ ամբիոնը բանավեճի ամբիոն է, և առաջարկեց օգտվել այդ ամբիոնից:

Աղբյուրը` https://armeniasputnik.am/armenia/20190326/17825152/karavarutyuny-pozupoch-e-kpcnum-aj-nisty-sksvec-poxadardz-mexadranqnerov.html