Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը նորություն չէ. Քոչարյանի գիրքը շատերին է ստիպելու խոսել

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ո՛չ հերքել և ոչ էլ հաստատել է՝ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է, թե՞ ոչ: Վանեցյանի պատասխանը, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, արձանագրում է փաստ, որը հնարավորություն է տալիս ավելի լուրջ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վահան Շիրխանյանի նամակում Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին հայտարարությանը, նշեց, որ Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելը նորություն չէ, քանի որ հենց սկզբից էլ խոսվում էր այն մասին, որ պատահական չէր, որ նա նախ՝ Թուրքիայում էր հայտնվել, հետո՝ Ռուսաստանում: «Այն ժամանակ էլ էին խոսում այդ մասին, հետո ամեն ինչ մարեց։ Հիմա պարզապես թարմացվում են այս բոլոր խոսակցությունները»,- ասաց Անահիտ Բախշյանը։ Դրդողը, մեր զրուցակցի խոսքով, Քոչարյանի գիրքն է: «Իհարկե, ես չեմ կարդացել և չեմ պատրաստվում կարդալ, սակայն այս արձագանքները խոսում էին այն մասին, որ այս գիրքը շատ մարդկանց է ստիպելու խոսել, ինչպես խոսեց Շիրխանյանը, հետո՝ Գագիկ Ջհանգիրյանը, որը կարևոր բաներ ասաց։ Այն, որ պետք է այս գործը վերաբացվի, դրանում կասկած չկա, իսկ թե երբ՝ չեմ կարող ասել»,- ասաց նա՝ հավելելով, որ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտվի, մինչև վերջ պետք է բացահայտվի։

«Ուզում եմ համոզվել, որ այսուհետ բացառվելու է նման ոճրագործություն, և կապ չունի, որ ամուսինս նրանց մեջ էր, ցանկացած մեկի համար ես կողբամ»,- նշեց նա։

Անդրադառնալով Շիրխանյանի նամակին՝ նա նշեց, որ դեռ այն ժամանակ դատավարության սկզբում խոսվել է այս մասին. «Շատ լավ հիշում եմ՝ ինչպես էր դատարանը բոլոր միջնորդությունները մերժում, չէր ընդառաջում, և Շիրխանյանը երբ խոսեց, սկսեցի ավելի մանրամասն հիշել»։

Շատերը, Բախշյանի խոսքով, Հոկտեմբերի 27-ի հետ կապված ասելիք կունենան. այն բոլոր մարդիկ, որոնց անունները Քոչարյանն իր գրքում հիշատակել է, նրանք բոլորը խոսելու են, որովհետև այնտեղ նա շատուշատ ստեր է գրել:

Հոկտեմբերի 27-ի գործը, նրա դիտարկմամբ, շատ կարևոր է մեր անկախությունը ամրապնդելու համար։

«Ինչ ուզում է լինի, քիչ թե շատ մտածող մարդու գլխում ոչ մի կերպ չի կարող տեղավորվել, որ ռոմանտիկները ծրագրեցին այդ ամենը և կազմակերպեցին այդքան հստակ, մտան, սպանեցին, գլխատեցին պետությունը։ Ոչ մի խելամիտ մարդ այդպես չի կարող մտածել։ Նրանք խամաճիկներ են, որոնք ղեկավարում էին ավելի բարձր տեղերից, աշխարհաքաղաքական իմաստով՝ նույնպես, և այդ ժամանակվա իշխանությունը, հստակ իմանալով, թե ինչ ծրագիր է հասունանում այդ տականքի գլխում, իրենք լուռ հետևեցին, չփորձեցին բռնել։ ԱԱԾ պետը՝ Սերժ Սարգսյանը, մի հատ չկանչեց ասելու՝ այ շան որդի, էդ ինչ ես ասում, արի տեսնեմ։ Բայց իր նկատմամբ երբ ինչ-որ ահաբեկչական գործողություն էին պատրաստում, ինչպես անմիջապես իմացավ, կանխեց։ Հիշողություն ունենք, մտածում ենք, համեմատություն ենք անում, և այս մասին մեկ անգամ չէ, որ ասել ենք, 20 տարի է՝ ասում ենք, իշխանությունը լուռ հետևում էր, թե ինչ է անում այդ խումբը»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Աղբյուրը` https://www.1in.am/2529081.html