Հայաստանն ու Արցախը Բաքվին զրկում են մենաշնորհից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում: Հանդիպմանն ըստ ամենայնի կմասնակցի Հայաստանի և Արցախի բարձրագույն հրամկազմը: Համենայնդեպս, հանդիպումը հաջորդելու է Զինված ուժերի օպերատիվ հավաքին, որ մեկնարկել է պաշտպանության նախարարությունում, և որին մասնակցում է նաև Արցախի ՊԲ հրամանատարությունը:

Որն է լինելու վարչապետի հետ փակ հանդիպման օրակարգը՝ մի կողմից պարզ չէ, մյուս կողմից, սակայն, պատկերացնելի է հարցերի լայն շրջանակը, որ կարող է լինել այդօրինակ հանդիպումների և քննարկումների օրակարգային հարց: Հատկանշական է, որ փակ հանդիպումը տեղի է ունենում մարտի 12-ին Արցախում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո, ինչը նշանակում է, որ գործնականում թե օպերատիվ հավաքը, թե վարչապետի հետ երեկոյան փակ հանդիպումը այդ նիստի տրամաբանական շարունակությունն են:

Այս առումով օրակարգային կոնկրետ հարցերի ենթադրությունն ու կանխագուշակության փորձը թերևս անպատեհ և «անշնորհակալ» աշխատանք է, սակայն ընդհանուր առմամբ հիմք կա ենթադրության կամ եզրակացության, որ Արցախի հարցում հայկական կողմի բանակցային ռազմավարության հիմնարար փոփոխությունը անշուշտ պետք է ուղեկցվի նաև զինված ուժերի կառավարման գործում որոշակի փոփոխություններով: Գործնականում Արցախյան հարցում հայկական քաղաքականությունն այդ իմաստով պետք է անխուսափելիորեն ենթադրի «սինքրոնացում»՝ քաղաքական-դիվանագիտական և ռազմական գործընթացների:

Ակնառու է, որ Հայաստանն անցնում է նախաձեռնողական քաղաքականության և դիվանագիտության, ըստ այդմ՝ անխուսափելի պետք է ռազմական դիվանագիտության և միաժամանակ ուղղակի զինված ուժերի ընթացիկ կառավարման համադրումը այդ ռազմավարությանը: Մարտի 25-ի երևանյան հավաքն ու վարչապետի հետ փակ հանդիպումն այդ իմաստով է մարտի 12-ի ստեփանակերտյան հիմնարար հավաքի հատկանշական շարունակությունը:

Շաբաթներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը պաշտպանականից անցնում է հարձակողական ռազմավարության: Սա նույնական չէ «նախահարձակության» հետ, սակայն եթե Հայաստանի և Արցախի հանդեպ ագրեսիան կանխարգելելու արդյունավետ տարբերակ է դիտարկվում նախահարձակումը, ապա հայկական զինուժը կանգ չի առնի այդ տարբերակի առաջ: Փաստացի լայն իմաստով հենց դա է ենթադրում հայկական կողմի հարձակողական ռազմավարությունը: Սակայն սա ինքնին ոչ միայն զինուժի կառավարման, փոխհարաբերությունների, այսպես ասած, հրամանատարա-շտաբային աշխատանքի և համակցության վերափոխման հարց է, այլ նաև պետական քաղաքականության մեջ ռազմական դիվանագիտության բաղադրիչի աշխուժացում: Գործնականում Հայաստանը սկսում է խոսել Ադրբեջանի հետ այն լեզվով, ինչ լեզու որ Ադրբեջանը հասկանում է:

Բանն այն է, որ Բաքվի համար ստեղծվել էր հարմարավետ մի միջավայր, որտեղ նրան էր «վերապահվել» նաև քաղաքական գործընթացում ռազմական դիվանագիտության լեզվով խոսելու «մենաշնորհը»: Հայկական կողմը խախտում է այն, ինչը գործնականում անխուսափելի և անհրաժեշտ հանգամանք է, այլապես չի կարող ամուր լինել քաղաքական-դիվանագիտական իմաստով հայկական մոտեցումների և ռազմավարության փոփոխությունը, ըստ այդմ՝ թեկուզ հարաբերական կայունության և անվտանգության միջավայրի պահպանման քաղաքական քայլերի արդյունավետությունը, եթե Բաքուն չի զրկվում ռազմական դիվանագիտության լեզվի մենաշնորհից:

Աղբյուրը` https://www.1in.am/2529148.html