«Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր չի կարող ազդել այդ գործընթացի վրա». Ստոլտենբերգը խոստացել է, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա

Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանը մեծ հաջողություններ է գրանցել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին և որ այն անպայման դաշինքի անդամ կդառնա, սակայն չի հստակեցրել ո՛չ անդամակցության ժամկետները, ո՛չ էլ այն, թե արդյոք դա կարող է արվել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը, գրում է РИА Новости-ն:

«Անցած տարի մենք կրկին հաստատեցինք, որ 2008թ.-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է և որ Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: Ձեր երկիրը, դաշինքի անդամ չլինելով, ամենամասշտաբային ներդրումն ունի մեր գործում»,- ասել է Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու որոշումը կկայացնի ինքը՝ Վրաստանը և դաշինքի այլ անդամ երկրներ, այդ իսկ պատճառով «Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր չի կարող ազդել այդ գործընթացի վրա»: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ դաշինքը միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակում աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և կոչ է արել Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախությունը:

Վրաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը ոչ միայն քաղաքական որոշում է, այլև վրաց ժողովրդի ընտրությունը, և այդ գործընթացում ոչ ոք չի կարող խանգարել Թբիլիսիին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասաբար կվերաբերվեր ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ընդլայնման որոշմանը, և ընդգծել էր, որ դաշինքը կարող է աշխատել այդ երկրների հետ առանց դրանք իր կազմում ներառելու:

ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994թ.-ին, երբ երկիրը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ դարձավ: 2004թ.-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ու դաշինքի միջև համագործակցությունն ավելի է սերտացել: 2008թ.-ի ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հաստատվել էր, որ  Վրաստանը կարող է դաշինքի պայմաններին համապատասխանելու դեպքում դրա անդամ դառնալ, իսկ 2014թ.-ի սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հաստատվել էր Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը: