Շիրխանյանի նամակը շոկային էր, տարբեր ուղղություններով պետք է սկսել անհետաձգելի քննչական գործողություններ

Մամուլում հրապարակվեցին Մարտի 1-ի գործի վերաբերյալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից տարբեր հատվածներ, որոնց նկատմամբ արձագանքը շատ տարբեր էր, անգամ քրեական գործ հարուցվեց այդ նախաքննական գաղտնիք պարունակող ցուցմունքները հրապարակելու համար:

Այս առնչությամբ փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Սերժ Սարգսյանի բավականին ուշագրավ ցուցմունքը լույս է սփռում կարևոր դետալների վրա: Այդ ցուցմունքի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ 2008թ. մարտի 1-ին և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից հրապարակված այդ հայտնի 0038 հրամանից բխող և այդ հրամանի հիման վրա ձևավորված Երևանի կայազորի վարչակազմը՝ Խաչատուրովի գլխավորությամբ, տեղակայվել է փաստորեն Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում, ավելին՝ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի սենյակին հարակից սենյակում»:

Փաստաբանի համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ զինված ուժերի անձնակազմը այդ ժամանակ գործող իշխանության ձեռքին դարձել է բռնության գործիք, և այդ գործիքը կիրառվել է ժողովրդի դեմ՝ նրա բողոքի ձայնը ճնշելու համար: Ուստի Սերժ Սարգսյանի այդ ժամանակաշրջանի վարքագծին անհրաժեշտ է իրավական գնահատակալ տալ. «Մարտի 1-ը այն խնդիրն է, որտեղ որևէ ընտրովի մոտեցում չի հանդուրժվելու»:

Նորայր Նորիկյանը հարց բարձրացրեց. «Մենք ուզո՞ւմ ենք այս գործի մեջ խրվել մինչև վերջ: Այս գործում կա՞ն անձեռնմխելի մարդիկ: Եթե չկան, ուրեմն պետք է բոլորը ներգրավվեն այս գործի մեջ, և յուրաքանչյուրի արարքին պետք է տրվի համարժեք օբյեկտիվ իրավական գնահատական: Եթե որևէ մեկը պլստա այս գործում, ես ձեզ վստահեցնում եմ՝ շահարկելու է հենց Քոչարյանը»:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ «Առաջին լրատվական»-ին փոխանցած բաց նամակին՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, Նորայր Նորիկյանն ասաց. «Շոկի մեջ կարելի է հայտնվել այդպիսի բովանդակությամբ նամակին ծանոթանալուց հետո: Իմ կրթությունը ինձ հնարավորություն է տալիս բարձրաձայնելու, որ այս նամակի բովանդակությունը առավել քան բավարար հիմք է առնվազն սկսելու քրեական հետապնդում և իրականացնելու բազմածավալ, բազմադրվագ, տարբեր ուղղություններով անհետաձգելի քննչական գործողություններ՝ նամակում ամրագրված հանգամանքները հերքելու կամ հաստատելու համար»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: