Ավստրալիայում Թուրքիայի դեսպանն Էրդողանի հայտարարության առնչությամբ երկրի վարչապետի մոտ է կանչվել

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողություններից հետո արած հայտարարության առնչությամբ երկրում Թուրքիայի դեսպանին իր մոտ է կանչել, հաղորդում է 9News-ը:

«Ես գտնում եմ, որ դա չափազանց վիրավորական մեկնաբանություն է»,- հայտարարել է Մորիսոնը:

Նա թուրք դեսպան Քորհան Կարակոչի հետ խորհրդարանի շենքում 20 րոպե տևողությամբ հանդիպում է ունեցել՝ պարզաբանելու Թուրքիայի առաջնորդի հակասական հայտարարությունը: Դեսպանը նշել է, որ Էրդողանը «դա պահի ազդեցության տակ է ասել… ընտրական համատեքստում»: Նման պատճառաբանությունը, սակայն, չի բավարարել Ավստրալիայի վարչապետին:

Ավելի վաղ Էրդողանը խիստ նախազգուշացում էր հղել նրանց, ովքեր հակամուսուլմանական նպատակներով պատրաստվում են երկիր մուտք գործել: Նա անդրադարձել է 1916թ.-ին դաշնակից ուժերի՝ Գալիպոլիի թերակղզի ներխուժելու ձախողված փորձին և հայտարարել, որ նողկալի դրդապատճառներով Թուրքիա մուտք գործողները «հետ կվերադառնան դագաղներով»:

Հիշեցնենք, որ նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մահմեդականների դեմ ուղղված ահաբեկչությունը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության համար ձերբակալված Բրենթոն Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ:

Հայտնի է, որ Դարդանելի գործողությունը կամ Գալիպոլիի ճակատամարտը մասշտաբային զինված գործողություն էր, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Այն սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի նախաձեռնությամբ՝ Անտանտի կողմից: Դրա նպատակը Ստամբուլի գրավումն էր, Թուրքիայի պատերազմից դուրս գալը և դեպի Ռուսաստան ծովային ճանապարհի բացումը: Արդյունքում Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տարել։

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/20/morrison/2952854