Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն ու փաստաթղթերը դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա:
Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները հստակեցված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը:
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթն իր աղբյուրներին հղումով գրել էր, որ ՀԱՊԿ-ն առաջիկա 1 տարում կարող է առանց նոր գլխավոր քարտուղարի մնալ, քանի որ կազմակերպության անդամ երկրներից Հայաստանը համաձայնություն չի տվել այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակմանը: Հոդվածում նշվել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի ՀՀ-ից թեկնածուի նշանակել:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել այդ պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը):