Ինչ կլինի մանդատը Ռուսաստանին տալու դեպքում. ագրեսիայի նոր արահետ

Հայաստանը դնում է ոչ թե բանակցային ձևաչափը փոխելու, այլ վերականգնելու խնդիր, մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր դիրքորոշման վերաբերյալ հարցին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև այն իրավա-պայմանագրային փաստարկային հիմքերը, որոնք թույլ են տալիս խոսել Արցախի մասնակցությամբ բանակցային ձևաչափը վերականգնելու, ոչ թե փոխելու մասին: Միաժամանակ, սակայն, հատկանշական է, որ այս ընթացքում Հայաստանում փաստացի շրջանառության մեջ է դրվում, կամ առնվազն շոշափվում է բանակցային ձևաչափի փոփոխության գաղափարը: Ընդ որում, դա անում է մարդ, որը ոչ միայն համարվում է արցախյան պատերազմի հերոս, այլ նաև հավակնում է մասնակցել Արցախի նախագահի ընտրությանը, համենայնդեպս հայտարարել է իր այդ հաստատակամ մտադրության մասին, չնայած որոշակի իրավական խնդիրներին: Խոսքը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի մասին է, որը հայտարարում է, թե Արցախի հարցի լուծման համար պետք է մանդատ տրվի մեկ գերակա կենտրոնի, այլ կերպ ասած՝ պետք է լինի պրոտեկտորային ձևաչափ: Այսինքն՝ փաստացի խոսքն այն մասին է, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը նպատակահարմար չէ, և պետք է լինի այսպես ասած՝ մեկ միջնորդ, որի փաստացի պրոտեկտորատը պետք է լինի գործընթացը ամբողջությամբ և որը պետք է Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին բերի մեկ որոշման:

Հատկանշական է, որ Հայաստանում պետական մակարդակով դիրքորոշման, ռազմավարության փոփոխության գործընթացին զուգահեռ «հերոսական» մակարդակով շրջանառության մեջ է դրվում այդ գաղափարը: Սա իհարկե կարող է ունենալ մի քանի ուշագրավ շերտ կամ տողատակ: Օրինակ՝ այստեղ հնարավոր է դիտարկել այն, որ Սամվել Բաբայանի հեղինակությունն օգտագործելով փորձ է արվում Հայաստանի հանրությանը բերել այն մտայնության, որ հայկական շահերի և խաղաղության պահպանման ելքը ոչ թե Արցախի վերադարձն է բանակցային սեղան, այլ բանակցային ձևաչափը Մինսկի խմբի մանդատից վերցնելն ու դրա մեկ անդամի՝ ՌԴ մանդատի ներքո դնելն է: Իսկ այստեղ իրավիճակը, իհարկե, հետաքրքիր է, և գուցե վտանգավոր:

Ակնառու է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կազանյան կամ լավրովյան պլանները իրականություն չեն դարձել առավելապես այն պատճառով, որ դրանք հակակշռվել են գործընթացում ներգրավված այլ ուժային կենտրոնների՝ մասնավորապես Վաշինգտոնի և Փարիզի հակակշռության շնորհիվ: Խոսքը, իհարկե, իրական քաղաքականության կամ, այսպես ասած, ռեալ պոլիտիկի ռեժիմի մասին է, քանի որ հրապարակային ռեժիմում երեք կենտրոնները գործում են իհարկե մեկ նպատակի համար: Բայց աշխարհաքաղաքականության հմուտ գիտակ լինել պետք չէ՝ պատկերացնելու համար, որ այդ երեք կենտրոնները գործնականում ունեն սկզբունքորեն տարբեր շահեր թե՛ ռեգիոնալ, թե՛ լայն իմաստով, որոնք մի մասով իհարկե համընկնում են, սակայն մի զգալի մասով էլ հակադրվում են իրար: Ավելին, հենց դրա համար է նաև նրանց ներկայությունը՝ սեփական շահը պաշտպանելու համար, և գործնականում շահերի բախման վրա է նաև այն կոնսենսուսը, որի շնորհիվ արդեն երկու տասնամյակից ավելի պահվում է ստատուս-քվոն և հայտարարվում ռազմական լուծման բացառման մասին: Դուրս բերել մանդատը այս հավասարակշռող ֆորմատից, նշանակում է բարձրացնել ռազմական լուծման կամ կառավարելի պատերազմի հավանականությունը, երբ մեկ մանդատի տեր կենտրոնը, չկարողանալով քաղաքական տարբերակով անցկացնել իր մոտեցումները, կփորձի անել դա ռազմական ճանապարհով: Առավել ևս, որ Հայաստանը և Արցախը մի անգամ անցել են այդ ճանապարհով, երբ ԵՏՄ անդամակցության ամոթալի որոշումից և ընդհանրապես այդ փուլից հետո ստեղծվեց իրավիճակ, երբ հայկական կողմը դե ֆակտո իսկապես հայտնվել էր ռուսական մեկ մանդատի ներքո: Որպես հետևանք ստացվեց ապրիլյան քայլ առ քայլ հասունացող պատերազմը, որը հայկական կողմի համար վատ հետևանք չունեցավ նախ բանակի, հետո նաև այլ շահառու կենտրոնների հավասարակշռման և զսպման քայլերի հետևանքով, որոնք հնարավոր դարձրեց բանակն իր դիմադրությամբ:

Բերել գործընթացը մեկ մանդատի, այն էլ ռուսական մանդատի դաշտ, դա գործնականում նշանակում է դնել այն դեպի նոր ռիսկեր ու ագրեսիա տանող ճանապարհի: Մյուս շերտը, սակայն, կարող է լինել այն, որ Սամվել Բաբայանը, առաջ քաշելով հարցը, գուցե անուղղակիորեն իրենով հիշեցնում է այդ ճանապարհի մասին և բարձրացնում դրա վրա հանկարծ չհայտնվելու հայկական հանրության զգոնությունը, բարձրացնում դիմադրունակությունը: Թեև, խոշոր հաշվով հարց է, թե արդյո՞ք թավշյա հեղափոխությունից հետո հանրությունն ունի այդ անուղղակի զգոնացման կարիքը: Միևնույն ժամանակ, առանձին քննարկման հարց է նաև այն, թե ինչպիսի վերաբերմունք է ձևավորվելու հայկական կողմի հանդեպ՝ իր հետևանքով հանդերձ, այն դեպքում, եթե հանկարծ լինի այդօրինակ մանդատափոխության նախաձեռնություն:

Աղբյուրը` https://www.1in.am/2526670.html