Ալիևը խորհուրդ է տվել Էրդողանին Կարսում և Իգդիրում տեղական ինքնակառավարումը թողնել ազգայնականներին. լրատվամիջոցներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում տեղական ինքնակառավարումը հանձնել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությանը, գրում է turktime.com կայքը։

Հայտնի է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ՏԻՄ ընտրություններում «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժման» հետ համագործացության շրջանակում, Կարսում և Իգդիրում հրաժարվել է թեկնածուներ առաջադրելուց՝ տեղը զիջելով ազգայնականների թեկնածուներին, որոնք փաստացի դարձել են երկու ուժերի միասնական թեկնածուներն այդ նահանգներում։

Թուրքական Gazete Duvar կայքին տված հարցազրույցում թուրք պաշտոնյաներից մեկը, որի անունը չի բացահայտվում, հայտնել է, որ իշխող կուսակցության նման ընտրությունը պատահական չէ, և Իգդիրում ու Կարսում տեղական ինքնակառավարումը ազգայնականներին հանձնելու առաջարկն Էրդողանին հղել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

Նշենք, որ Թուրքիայի կազմում գտնվող այս երկու նահանգները սահմանակից են Հայաստանի Հանրապետությանը։

ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում կանցկացվեն մարտի 31-ին։