Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը պետք է ներդնել, որովհետև հանրությունը դժգոհ է, որ գողացածը վերադարձնելու գործում արդյունավետ չենք. վարչապետ

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, և այդ պարտավորությունն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում. այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը և արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, ՄԻԵԴ-ի մակարդակով ճանաչված գործիք է, որը կարող է կիրառվել»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով` նույնիսկ փաստաթղթեր կան, որտեղ դեռևս 2015 թվականին են Հայաստանի միջազգային գործընկերները «ռեկոմենդացիա» արել, որ այդ մեխանիզմը Հայաստանում ներդրվի: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա պետական որոշ մարմիններ կան, որ իբր ինչ-որ փաստարկներով ուզում են այդ գործողություններն արգելակել:

Դրանք այն մարդիկ են, որոնք հազարապետների, հարյուրապետների մեխանիզմով հայտնվել են պետական կառավարման համակարգում և հիմա կոռուպցիայի լոբբինգն են անում ներսից: Մենք պետք է զգուշացնենք նրանց և եթե տեսնենք, որ հետևություն չեն անում, պետք է ասենք`ցտեսություն, գնացեք ձեր գործին: Մենք այդ մեխանիզմը պետք է ներդնենք, որովհետև մեր հանրությունը մեզնից դժգոհ է` գողացածը վերադարձնելու գործում այդքան էլ մեծ ծավալներով ու արդյունավետությամբ չենք գործում, որովհետև եթե գործող մեխանիզմներով գնանք, կարող է տասնյակ տարիներ տևի»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը պարզաբանեց, որ դա ոչ թե քրեական պատասխանատվություն է, այլ քաղաքացիական դատավարության շրջանակներում իրականացվող գործառույթ է, որ մարդը պետք է ապացուցի, որ իր ձեռք բերած գույքն օրինական է:

Դիտարկմանը` քննադատներն ասում են, որ կարող է խանգարի ներդրումներին, նա ասաց. «Քննադատները ներդրումներով չեն մտահոգված, այլ մտածում են` այս «դաչաս» ինչ է լինելու, Հյուսիսային պողոտայում երեք հարկը, որ իրար վրա ունեմ, ինչ է լինելու, այն հեկտարներով հողատարածքների հետ ինչ է լինելու: Ինչ է լինելու, բռնագանձվելու է»: