Իտալիայի Լացիո մարզը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

Իտալիայի Լացիո մարզի մարզային խորհուրդը մարտի 18-ի նիստում Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին ընդառաջ միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու մասին բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի հայ համայնքի կայքից։

Բանաձևը ներկայացվել է մարզային խորհրդի անդամ Սերջո Պիրոցցիի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում խորհրդի անդամներն իրենց զորակցությունն են հայտնում հայ ազգին՝ պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության համար մղած պայքարում։

Ինչպես նշում է կայքը, այսպիսով՝ Լացիոն դառնում է Իտալիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 136-րդ տարածքային ինքնակառավարման խորհուրդը։

«Հայ ազգի կողքին լինելը մեր պարտքն է, պատմությունը ճանաչելի դարձնելը՝ պարտավորություն, որը պետք է փոխանցել հատկապես նոր սերունդներին, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է Պիրոցցին։

Հռոմի հայ համայնքն իր հերթին շնորհակալություն է հայտնել Լացիոյի մարզային խորհրդի բոլոր անդամներին, որոնք այս արարքով վճռել են լինել ճշմարտության կողմից։

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/19/Armenian-Genocide/2951664