Խնդիրների մասին պետք է բաց խոսվի, որևէ տաբու չպետք է լինի. «Արցախը Վրաստանի պետականության դեմ չի գործում»

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը, իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքերով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

Հիշեցնենք, Բաքու կատարած այցի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը հասկանում և կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում։ «Մենք միանման խնդիրների միջով ենք անցել, վերականգնել ենք անկախությունը և միևնույն ողբերգությունը տեսել վերջին տարիներին: Այսօր մենք գիտենք՝ ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այնուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»,- հայտարարել էր Սալոմե Զուրաբիշվիլին:

Ի պատասխան Արարատ Միրզոյանի դիտարկումների՝ Սալոմե Զուրաբիշվիլին հիշեցրել է Արցախի պատվիրակության այցը Աբխազիա և Հարավային Օսիա։

Արդյո՞ք Արարատ Միրզոյանը պետք է այս դիտարկումը հրապարակավ աներ։ ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Արարատ Միրզոյանը պետք է հասկանա, որ կան բաներ, որոնք կարելի է մամուլին հասանելի բաց տեքստով արտահայտել, և բաներ, որոնք փակ առանձնազրույցների ընթացքում պետք է ասվեն։ «Տվյալ դեպքում Զուրաբիշվիլիի հետ արծարծած թեման վերջիններից էր: Պետք է լավ տիրապետել հարևանների հետ հարաբերություններին: Ակնհայտ էր, որ Զուրաբիշվիլին հենց այդպես էլ պատասխանելու էր»,- կարծիք է հայտնել Աբգարյանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ, մինչդեռ, որևէ խնդիր չկա. «Այս հանդիպումը, ինչպես և նախկին հանդիպումները, փակ ռեժիմով էր և առաջինը այս ամենը հանրայնացրեց հենց վրացական կողմը, որին ի պատասխան հայկական կողմը տարածեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը»։

Մելիքյանն ընդգծեց. «Հանդիպման արդյունքում ԱԺ կայքում դրված էր ավելի ընդհանրական մի փաստաթուղթ, ավելի առարկայական էր Վրաստանի նախագահի կայքում դրված նյութը, որի մեջ շեշտադրված էր հենց Սալոմե Զուրաբիշվիլու պատասխանը։ Մեր կողմն էլ ստիպված եղավ մեր մասով հնչած հայտարարությունները հանրայնացնել։ Ես, անկեղծ ասած, ոչ մի խնդիր չեմ տեսնում, որովհետև եթե կան հարցեր վրացական կողմի մոտ՝ հանձինս Վրաստանի նախագահի, պետք է սպառիչ պատասխանել։ Մեր կողմից հնչեցին մտահոգություններ նախկինում Սալոմե Զուրաբիշվիլու կողմից արված հայտարարության հետ կապված, և դրանից հետո նա պատասխանեց»։

Ըստ Մելիքյանի՝ կարևոր է ֆիքսել հետևյալ շեշտադրումները. «Արարատ Միրզոյանի կողմից շատ ճշգրտորեն նշվեց, որ պետք է կողմերը վերադառնան նախկինում եղած իրավիճակին՝ առ այն, երբ 90-ականներին ջենթլմենական համաձայնություն կար միջազգային հարթակներում միմյանց դեմ չքվեարկելու հետ կապված։ Պետք է հասկանալ, որ կոնֆլիկտները տարբեր են, պահանջում են տարբեր լուծումներ։ Կարևոր է շեշտել, որ Վրաստանը ԵԱՀԿ անդամ երկիր է, և քանի որ արցախյան խնդիրը բանակցային ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում է լուծվում, կարևոր է, որ Վրաստանը իր կողմից ջանքեր գործադրի, աջակցի այդ գործընթացին։ Բանակցային գործընթացն ընթանում է մի քանի միջազգային նորմերի շրջանակներում, այլ ոչ թե մեկի, որը Վրաստանն անընդհատ Ադրբեջանի և Թուրքիայի հետ շեշտում է, այն է՝ տարածքային ամբողջականությունը։ Հայկական կողմի համար դա անընդունելի չէ և դրա մասին ևս մեկ անգամ շեշտվեց»։

Մեր զրուցակիցը նշեց. «Երբ նշվեց, որ կոնֆլիկտների բնույթը տարբեր է, Սալոմե Զուրաբիշվիլին փորձեց զուգահեռ տանել՝ ասելով՝ եթե այդպես է՝ ինչո՞ւ են Արցախի պատվիրակությունները մեկնում Աբխազիա կամ Հարավային Օսիա, ինչով իրենք հավասարության նշան են դնում կոնֆլիկտների միջև։ Պետք է որ հայկական կողմը նշեր, որ չնայած Արցախը չճանաչված հանրապետություն է, այսինքն` մեր կողմից ճանաչված չէ, ունի իր արտաքին քաղաքականությունը, որի հիմնական նպատակն է միջազգային ճանաչումը, և այդ միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում Արցախի ներկայացուցիչները այցելում են տարբեր երկրներ՝ ճանաչված, չճանաչված։ Այս պարագայում կարևոր է տարանջատել Հայաստանի դիրքորոշումն ու Արցախի շահերը, Հայաստանը իր հերթին ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և դա հստակ է»։

Ըստ Մելիքյանի՝ կարևոր է շեշտել հետևյալը. «Արցախյան կողմը ևս ջանքեր է գործադրում, որ հայ-վրացական հարաբերություններն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համատեքստում չտուժեն։ Սա շատ կարևոր է, և Թբիլիսիում այդ ամենը պետք է ֆիքսեն։ Այս քննարկումները, որ տեղի ունեցան, դրական արդյունք կթողնեն։ Բացի դրանից՝ բարեկամության, որի մասին պարբերաբար շեշտվում է հանդիպումների ընթացքում՝ հարցեր բարձրացվեցին, որոնց պատասխանները տրվում են։ Լավ է, որ կոնստրուկտիվ դաշտում նորմալ քննարկումներ ընթանան, դա շատ կարևոր արդյունքի կարող է բերել, ինչը կողմերի միջև վստահության մթնոլորտ կստեղծի։ Խնդիրների մասին պետք է բաց խոսվի, որևէ հարցի վրա տաբու չլինի»։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Վրաստանի նման դիրքորոշումը պարզ է և այն չպետք է խնդիրներ առաջացնի հայ-վրացական հարաբերություններում։ «Իրենք ունեն չկարգավորված հարցեր Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, բայց մենք սա չպետք է դիտարկենք որպես արտառոց երևույթ։ Բնական է, որ Վրաստանի իշխանությունները կարող են նման բան հայտարարել, դա տրամաբանական է»,- ասաց Բաբայանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայ ժողովրդի համար վրաց ժողովուրդը բարեկամ է, և այն, որ Արցախը զարգացնում է հարաբերությունները Աբխազիայի հետ, չպետք է դիտարկել որպես Վրաստանի դեմ ուղղված գործողություն։ Հասկանալի է, որ իրենք ունեն այդ խնդիրը, բայց, ի վերջո, Աբխազիայում կա հայկական մեծ համայնք։ Այդ համայնքի հետ հարաբերությունների զարգացումը նպաստում է հայրենիք-սփյուռք, տվյալ դեպքում՝ աբխազահայ համայնքի հետ հարաբերությունների զարգացմանը։ Այս տեսանկյունից պետք է նշենք, որ եթե մենք զարգացնում ենք հարաբերությունները՝ սա ուղղված չէ վրաց պետականության դեմ, որովհետև մենք Վրաստանն ու վրացիներին որպես բարեկամ ենք դիտարկում»։

Դավիթ Բաբայանը նաև նշեց, որ Արցախն ունի Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեսթրի ու այլ չճանաչված պետությունների հետ համագործակցելու քաղաքական խնդիր. «Որովհետև միջազգային իրավունքն ամեն կերպ սահմանափակում է մեր հարաբերությունները այլ երկրների հետ։ Հիմա եթե այնտեղ կա հայկական Սփյուռք, և մենք ունենք ընդհանուր քաղաքական որոշ բաղադրամասեր, հետևաբար մենք զարգացնում ենք հարաբերությունները նաև իրենց հետ»։

Մեր այն դիտարկմանը, որ տվյալ դեպքում Արցախը չպետք է նույնականացնել Հայաստանի հետ, Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Միանշանակ, որովհետև այստեղ, ինչպես նշեցի, կան յուրահատկություններ։ Մենք կողմնակից ենք և մեր աշխարհաքաղաքականության մեջ կա բազմաուղղվածության գաղափարը, իսկ դրա հիմքերից մեկն այն է, որ մենք ունենք հայոց Սփյուռք։ Մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ կա հայկական Սփյուռք։ Աբխազիան չի կարող բացառություն լինել, այնտեղ մեծ հայկական համայնք կա, որը բնակչության մեջ իր թվաքանակով երկրորդն է։ Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք»։

Աղբյուրը` https://www.1in.am/2525939.html