Եթե տեխնիկական խնդիրներ չկան, բացառում եմ, որ գրանցված աշխատողների վճարված 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, թե ինչպես է ստացվել, որ ստվերից օրինական դաշտ մտած 35 հազար աշխատողների 1000 դրամները չեն արտացոլվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում: Tert.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ թերևս կամ տեխնիկական խնդիր է, կամ ինֆորմացիայի սխալ տիրապետում:

«Բացառում եմ,  որ գրացված աշխատողների վճարված 1000 դրամները չեն փոխանցվել հիմնադրամ, ես ուղղակի դա բացառում եմ: Իհարկե, հարցի հասցեատերը ես չեմ, պետք է ճշտել, բայց եթե այնտեղ ինչ-որ տեխնիկական հարցեր չկան, մնացած մասով ես ուղղակի  բացառում եմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե ստվերից դուրս գալու մասին հայտարարությունները մի փոքր չափազանցվա՞ծ են եղել, Պապոյանը պատասխանեց. «Միանշանակ է, որ գրացված աշխատողների քանակը ավելացել է, և՛ հայտարարվել է դրա մասին, և՛ կառավարությունը հրապարակել է: Այստեղ կամ ինֆորմացիայի պակասի խնդիր կա, կամ որևէ տեխնիկական հարց, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»:

Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունը՝ 35 հազար աշխատողների՝ ստվերից օրինական դաշտ մտնելու մասին, չի արտացոլվում հիմնադրամում: Նա ենթադրել էր՝ կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին:

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/17/papoyan/2950476