Արցախը մերժեց Ռոբերտ Քոչարյանին. գծից այն կողմ

Դատարանն այսօր որոշեց բավարարել ՀՔԾ դիմումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատարանի որոշումը համընկավ Հայաստանում ուշագրավ ներքին և արտաքին քաղաքական շրջափուլի հետ, մասնավորապես արցախյան հարցում Հայաստանի մոտեցումների կոնցեպտուալ փոփոխությունների համատեքստում: Իհարկե, ֆորմալ առումով որևէ կապ չկա այս իրողություններում՝ Ռոբերտ Քոչարյանի գործի և արցախյան հարցում հայկական կողմի նոր հայեցակարգի անցման շրջադարձային կետի միջև, որն իր ձևակերպումը ստացավ Արցախում:

Սակայն այս համատեքստում կա ուշագրավ քաղաքական խորհրդանշականություն, այն իմաստով, որ վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը նկատելիորեն փորձում էր Արցախից ապահովել աջակցություն, հայտարարելով, որ Հայաստանի իշխանության քայլերը վտանգում են Արցախի անկախությունը և արցախյան հարցում դիրքերը: Այլ կերպ ասած, Ռոբերտ Քոչարյանը արցախյան շարժման առիթով ուղերձում, որ հղեց կալանատնից, փորձում էր ներկայացնել իրավիճակն այնպես, որ Նիկոլ Փաշինյանը «հանձնող» է, իսկ պահողը կարող է լինել միայն ինքը: Դրան էր նաև օրեր անց հաջորդել հանրահավաքը Երևանում, իհարկե շատ փոքր հանրահավաքը, որտեղ մամուլը արձանագրել էր Ռոբերտ Քոչարյանի համար պայքարող անձանց ներկայությունն ու դերակատարությունը:

Ահա, երկրորդ նախագահի այս ջանքերի համատեքստում էլ հատկանշական է դառնում, որ նրա կալանքի երկարաձգումը զուգադիպում է մարտի 12-ին Արցախում տեղի ունեցած շրջադարձային իրադարձության հետ, որը գործնականում նաև Արցախի մերժումն է Ռոբերտ Քոչարյանին, կամ նրա ջանքերի մերժումն է Արցախում, երբ իր քաղաքական պաշտպանության համար նա փորձում էր խորացնել արցախյան անվստահություն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ: Ավելին, այստեղ ուշագրավ է նաև հանգամանքը, որ ԱԽ հայտնի համատեղ նիստի ընթացքում Արցախում էր նաև Սերժ Սարգսյանը, ինչը, անկասկած, պատահական չէ, և, ըստ էության, այսպես, թե այնպես, նա ևս որոշակիորեն մասնակից է շրջափուլի ամփոփմանն ու քաշվող գծին: Եվ այդ իմաստով ստացվում է հետաքրքիր պատկեր նաև այլ իմաստով: Ստացվում է, որ Արցախում, մարտի 12-ին գործնականում հատման կետում էին Հայաստանի նոր իշխանությունը, գործնականում հին իշխանությունից Սերժ Սարգսյանն ու Արցախի իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը մնացել էր գծից այս կողմ: Մեծ հաշվով, երկրորդ նախագահը տևական ժամանակ նաև հենց այդ իրողությունից էլ փորձում է դժգոհել և ներկայացնել իրավիճակը հենց այդպես, որ ինքը դառնում է հին ու նոր իշխանության պայմանավորվածության «զոհաբերության» առարկան, կամ, այսպես ասած, անցումային փուլում փորձում են բոլոր շահառու կողմերը պայմանավորվեն իր «վրա»: Քաղաքական իմաստով սա, իհարկե, հետաքրքիր իրադրություն է, որի պատճառները, սակայն, Ռոբերտ Քոչարյանը գուցե պետք է փնտրի ոչ միայն իր նախագահության տարիների, այլ նաև հետնախագահական տասնամյակի վարքագծում, երբ նա գործնականում քաղաքական ետնաբեմից պարբերաբար տորպեդահարում էր թե՛ ներքին, թե՛ արտաքին իրավիճակը, այդպես էլ չստանձնելով քաղաքական սուբյեկտության բաց պատասխանատվություն: Այդ իմաստով, քաղաքական առումով՝ որովհետև իրավական առումով նրա որևէ մեղավորություն դեռ պետք է հստակ և համոզիչ ապացուցվի, քաղաքական առումով դառնում է հենց իր նախորդ տարիների վարքագծի, ոչ թե որևէ քաղաքական պայմանավորվածության զոհը:

Լուսանկարը՝ Yerevan.Today-ի

Աղբյուրը` https://www.1in.am/2524640.html