Չգիտեմ՝ ում մասին է գրել Արսեն Թորոսյանը, գուցե դա ընդամենը միջանձնային խնդիր է․ Լիլիթ Մակունց

Նպատահարմար չեմ գտնում խմբակցությունում քնարկել Արսեն Թորոսյանի գրառումը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը, որտեղ վերջինս նշել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունում որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։

«Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ եւ այլն։

Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց եւ թույլ չեմ տա որեւէ արհեստական խոչընդոտ այդ կարեւոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։

Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում եւ բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,- գրել էր նախարարը։

Լիլիթ Մակունցն ասաց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը, եւ դա գուցե ընդհանրապես կապ չունի խմբակցության հետ, այլ միջանձնային խնդիր է․

«Ես ուզում եմ հասկանալ, թե մենք ինչ խնդիր ենք դնում այս պահին։ Արսեն Թորոսյանի հետ, անհրաժշետության պարագայում, ես կփորձեմ պարզել այս հարցը, տեսնեմ՝ ինչ խնդիր է, ում հետ է կապված, գուցե դա ընդհանրապես միջանձնային խնդիր է, ես, ամեն դեպքում, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը»,-վստահեցրեց Մակունցը՝ նշելով, որ ինքն Արսեն Թորոսյանի հետ նախ առանձին կխոսի այս մասին, ապա, ըստ նպատակահարմարության, կորոշեն՝ Արսեն Թորոսյանին այս հարցը պարզելու համար կանչե՞լ խմբակցություն, թե ոչ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ չի կարծում, թե խմբակցությունում կա որեւէ մեկը, որը երկրում դրական փոփոխություններ չի ուզում․

«Դրական արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ տարբեր տեսակետներ ու մոտեցումներ։ Ես չեմ կասկածում, որ յուրաքանչյուրի մոտեցումն այս առումով միայն դրական փոփոխություններին է միտված։ Այլ հարց է, որ մենք մեր խմբակցության ներսում հաճախ ունենում ենք տարբեր պատկերացումներ ցանկալի արդյունքների հասնելու համար։ Ես այս ամբողջը դիտարկում եմ ընդամենը տարբեր մոտեցումների դաշտում։ Իսկապես չգիտեմ՝ ում մասին է խոսքը, եւ, ընդհանրապես, բոլոր պարագաներում, նույնիսկ՝ այս, պետք է անձերից վերացարկվել, եւ որեւէ քննարկման առարկա պետք է քննարկենք բովանդակային առումով, իսկ եթե այն պարունակում է մտքերի բախում, դա շատ դրական եմ համարում»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւս չգիտի՝ ում մասին է Արսեն Թորոսյանի Գրառումը։

Սիմիդյանը մեր զրույցում ասաց, որ դեռ կապ չի հաստատել նախարարի հետ, քանի որ վերջինս երկրում չէ․

«Կարծում եմ՝ ճիշտ կլինի հարցը ճշտենք այն ժամանակ, երբ պարոն Թորոսյանը կվերադառնա, այդ ժամանակ կհասկանանք՝ ում մասին է խոսքը»։

Սիմիդյանն ասաց, որ այս պահին խմբակցությունում քննարկում չեն ունեցել հարցի վերաբերյալ, կքննարկեն Արսեն Թորոսյանի հետ պարզաբանելուց հետո՝ ըստ անհրաժեշտության։

Մեր հարցին ի պատասխան՝ Հակոբ Սիմիդյանն ասաց, որ չի կարծում, թե խմբակցությունում որեւէ մեկը իրեն թույլ կտա խոչընդոտել հանրային շահի համար արվող որեւէ քայլ․

«Իմ քայլը» խմբակցության քարտուղարը չմեկնաբանեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Արսեն Թորոսյանը խմբակցության պատգամավորներից մեկի հարազատին ազատել է աշխատանքից, դրա համար էլ նման քննարկումներ են ծավալվում։

Ինչ վերաբերում է «գործ տալուն», ինչի մասին Թորոսյանը հիշատակել էր իր գրաման մեջ, Հակոբ Սիմիդյանն ասաց, որ որեւէ համակարգում չարաշահման կամ խնդրի մասին իրավապահներին տեղյակ պահելը, իհարկե, չի նշանակում «գործ տալ»․

«Այս դիսկուրսը նախկինում միշտ եղել է նման հարցերի վերաբերյալ, բայց որեւէ մեկը նախկինում, հիմա, ապագայում որեւէ ապօրինություն գործելու դեպքում պետք է օրենքով սահմանված համապատասխան պատժի ենթարկվի»։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր․

«Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին եւ կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։

Սակայն քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։

Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ եւ այլն։

Անկեղծ ասած օգնություն չեմ էլ ակնկալում նրանցից, բայց եւ թույլ չեմ տա որեւէ արհեստական խոչընդոտ այդ կարեւոր ծրագրերի իրականացման ընթացքում ու չեմ վարանի իրերը կոչել իրենց անուններով, ինչպես միշտ։

Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում եւ բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»։