«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է Կառավարությանը՝ գործադիրի կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված հարցադրումներով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Խմբակցության հարցապնդման մեջ առանձնացված են հետևյալ կետերը.

– ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված

– որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները

– ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ

– ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը

– որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին:

Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում։