Հայաստանի անխուսափելի երկընտրանքը

Եվրոպական միությունը Հայաստանի առջև աշխարհաքաղաքական ընտրության հարց չի դնում, Բրյուսելում ԵՄ-ի ղեկավարության հետ հանդիպումներից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է Եվրամիության աջակցությունն ու ֆինանսավորումը։

Այն, որ Եվրամիությունը Հայաստանի առջև աջակցության դիմաց աշխարհաքաղաքական պայմաններ չի առաջադրում, իհարկե շատ դրական է։ Ըստ ամենայնի, դա ԵՄ-ի կողմից որոշակիորեն անցյալի դառը փորձից դասեր քաղելու արտահայտությունն է, քանի որ ԵՄ-ում տեսան, թե ինչի հանգեցրեց «կամ-կամ»-ի քաղաքականությունը, որն առաջադրվում էր Հայաստանին 2013 թվականին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ։ Հիմա ԵՄ-ն փոխել է մարտավարությունը և պատրաստ է շարունակել աջակցությունը Եվրասիական միության անդամ Հայաստանին։ Դա , կրկնում ենք, շատ դրական է։ Այդուհանդերձ ԵՄ-ի կողմից նման երկընտրանք չառաջադրելը դեռևս չի նշանակում, թե Հայաստանը չի կանգնելու այդ երկընտրանքի առաջ։ Իրականում այդ երկընտրանքն առաջանալու է առանց որևէ մեկի կողմից բարձրաձայնվելու կամ առաջադրվելու։

Հայաստանը ցանկանում է կառուցել եվրոպական տիպի պետություն ու հայտարարում է այդ ճանապարհին ներքին արմատական բարեփոխումներ իրականացնելու իր հանձնառության մասին։ Եվրամիությունն իր հերթին պատրաստ է աջակցելու այդ բարեփոխումներին՝ թե ֆինանսապես, թե այլ առումներով։ Եվ ուրեմն, այդ բարեփոխումների՝ կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը դառնալու է եվրոպական տիպի պետություն՝ ներքին կայացած ժողովրդավարությամբ, անկախ դատական համակարգով, մրցակցային տնտեսությամբ և այլն։ Դառնալով այդպիսի պետությունը՝ Հայաստանը շարունակելու է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։

Միություն, որն իր գաղափարախոսությամբ, արժեքային համակարգով ու սկզբունքներով ամբողջովին հակադրվում է եվրոպական մոդելին, այն ամենայնին, ինչը կապված է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների հետ։ Հետևաբար՝ դառնալով եվրոպական տիպի պետություն Հայաստանի ու Եվրասիական միության այլ անդամների միջև խզումը ավելի է խորանալու։ Այսօր էլ՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այդ կառույցում սպիտակ ագռավի դեր ունի, քանի որ դրա բոլոր անդամ երկրներն ավտորիտար պետություններ են, Հայաստանը՝ ժողովրդավարական։

ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների ղեկավարները գործնականում բռնապետեր են, Հայաստանի վարչապետը՝ աննախադեպ լեգիտիմությամբ օժտված ղեկավար։ Ահա այս պայմաններում ներքին բարեփոխումների իրականացումը և եվրոպական պետության կայացումը շատ ավելի է խորացնելու Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև առկա բաժանարար գծերը։ Արդյունքում Հայաստանը կանգնելու է երկընտրանքի առաջ՝ պատկերավոր ասած լինել Եվրոպա՝ Եվրասիական տնտեսական միությունում, թե լինել եվրասիականության կրող՝ Եվրոպական միությունում։

Ակնհայտ է, որ մեզ համար՝ որպես պետություն, որպես հասարակություն նախընտրելի է առաջին տարբերակը՝ թեկուզ մնալով ԵԱՏՄ անդամ դառնալ իրապես եվրոպական տիպի պետություն, այլ խոսքով՝ լինել Եվրոպա ԵԱՏՄ-ում։ Սակայն դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի դիրրքորոշումը։ Ռուսաստանը, ինչպես նշեցինք իր գաղափարաբանությամբ, փիլիսոփայությամբ հակաազատական կայսրություն է, որի համար խորթ են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով փորձելու է խոչնդոտել Հայաստանում բարեփոխումների ընթացքին ու ժողովրդավարության կայացմանը։ Այդ փորձերը լինելու են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճնշումների տեսքով։ Ռուաստանը Հայաստանում ունի բավական համակարգված գործող հինգերորդ շարասյուն՝ ի դեմս նախկին համակարգի ներկայացուցիչների։ Հենց նրանց միջոցով է Ռուսաստանը փորձելու բոլոր հնարավոր միջոցներով տորպեդահարել Հայաստանում բարեփոխումների ընթացքն ու հանրագումարում եվրոպական տիպի պետության կայացումը։

Հայաստանը Եվրասիական միության անդամ է պարտադրված։ Եվրասիական միությունը գլոբալ, երկարաժամկետ իմաստով չի համապատասխանում Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին։ Երբևէ Հայաստանի առջև ծառանալու է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ Եվ չափազանց կարևոր է, որ այդ ժամանակ Հայաստանը լինի իրապես եվրոպական տիպի պետություն՝ ամուր ժողովրդավարությամբ ու կայացած ինստիտուտներով։ Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է և արդեն այսօրվանից պետք է պատրաստվել երբևէ այդ ընտանքի լիիրավ անդամ դառնալուն։

Աղբբյուրը` https://www.1in.am/2521309.html