Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանն ուզում վերադարձնել Տեր-Պետրոսյանին

Մամուլում է հայտնվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որի թեմաները շատ են՝ արտաքին քաղաքականությունից մինչև ներքաղաքական հարցեր: Յուրաքանչյուր հարցի պատասխանի վրա հնարավոր է կենտրոնանալ բավականաչափ՝ ցույց տալու համար, թե որքան են երկրորդ նախագահի գնահատականները մտացածին, անհիմն, տենդենցիոզ: Սակայն այստեղ, իհարկե, չկա որևէ նորություն, և այդ իրողությունը վկայում է երկու հանգամանքի մասին: Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում չի ունեցել հստակ արտաքին քաղաքական և ներքաղաքական կոնցեպտ ու գաղափարախոսական հիմք, կամ, համենայնդեպս, այդ հիմքն ու կոնցեպտը ամենևին չեն եղել այնպիսին, որ ներկայումս կարող էին դրվել ոչ միայն նրա քաղաքական ծրագրերի, այլ նույնիսկ իրավական գործընթացում քաղաքական պաշտպանական ռազմավարության հիմքում:

Ըստ այդմ, երկրորդ նախագահին մնում է միայն ինքնանպատակ քննադատել նոր իշխանության արտաքին ու ներքին քաղաքականությունը և ասել բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դա չի նշանակում, որ հնարավոր չէ գտնել նոր իշխանությանն ընդդիմախոսելու, քննադատելու հիմքեր: Հնարավոր է, բայց դրանք հիմք կարող են լինել միայն նոր ընդդիմության համար, ոչ այն ուժերի, որոնք Հայաստանում արդեն եղել են իշխանություն: Եվ դա, բնականաբար, միայն Ռոբերտ Քոչարյանին չէ, որ վերաբերում է: Այս տեսանկյունից ուշադրության է արժանի Ռոբերտ Քոչարյանի մի անդրադարձը, որ նոր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի պրիմիտիվ շարունակությունն են: Այդ «թեզը» շրջանառվում է արդեն տևական ժամանակ և փորձ է արվում պարբերաբար թարմացնել, թեժացնել: Ու չնայած հանգամանքին, որ այդ կապակցությամբ մտքեր են արտահայտել և որևէ կապ հերքել են թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Փաշինյանը, չնայած այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը նաև մարտի 1-ին գործնականում հրապարակավ արձանագրեց Հայաստանում անկախությունից ի վեր քաղաքական բռնությունների մշակույթի առկայությունը, դրա ծանր հետևանքը և դատապարտեց դրանք, իսկ հետո նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանից էլ ներողություն խնդրեց պետության անունից 1996-ի կեղծիքների համար, դրանով փաստորեն մատնացույց անելով Տեր-Պետրոսյանի պատասխանատվությունը քաղաքական բռնությունների մշակույթի համար, Ռոբերտ Քոչարյանը, այդուհանդերձ, Փաշինյանին շարունակում է ներկայացնել Տեր-Պետրոսյանի քաղաքական «հոգեզավակ»:

Այս հանգամանքը, սակայն, ինքնանպատակ քննադատության շարքից չէ, այլ բխում է շատ պարզ մի հաշվարկից ու տրամաբանությունից: Մարտի 1-ին Փաշինյանի ուղերձը նշանավոր էր նրանով, որ նա քաղաքական գնահատական տվեց երեք նախագահներին և փաստացի գիծ քաշեց նոր Հայաստանի քաղաքական իրողությունների և նախկին քաղաքական համակարգի միջև: Դա նշանակում էր, որ հանրությանը հայտ ներկայացվեց փաթեթով մերժել նախկին համակարգը, ըստ այդմ ձեռնամուխ լինել նոր արժեհամակարգային հիմքով քաղաքական համակարգի կերտման, ինչը նշանակում է թե՛ նոր իշխանություն, թե՛ նոր հանրային ինստիտուտներ և քաղաքական ընդդիմություն: Այստեղ է անընդհատ Լևոն Տեր-Պետրոսյանից թել քաշելու և նոր իշխանությանը կապելու քոչարյանական անընդհատ փորձի մոտիվը:

Բանն այն է, որ անընդհատ ապահովելով Տեր-Պետրոսյանի «քաղաքական գոյությունը» ներկայիս իրավիճակում, Ռոբերտ Քոչարյանն ու նրան հարող նախկին իշխող շրջանակները ստեղծում են իրենց «քաղաքական գոյության» ֆոնն ու այդպիսով փորձում արգելակել քաղաքական նոր ընդդիմության արմատավորման, բյուրեղացման որևէ հեռանկար: Դիրքավորելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանը փորձում է այդպիսով լուծել իր «քաղաքական դիրքավորման» հարցը մի իրավիճակում, երբ գործնականում չունի դա անելու որևէ շոշափելի, առարկայական շանս: Միևնույն ժամանակ, դրանով փորձ է արվում արգելափակել մյուս հնարավոր դիրքերը, արդիական քաղաքական դիրքերի ձևավորումն ու դրանք զբաղեցնող ուժերի կայացման հնարավորությունը, գուցե պահպանելով այդ տեղերը ուժերի համար, որոնք նոր փաթեթավորումով կլինեն հին իշխանության սուրհանդակները Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում:

Այդպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ ՀՀՇ-ին քաղաքական առումով վերակենդանացնելու քոչարյանական փորձն ամենևին միտված չէ միայն նոր վարչապետին և նրա ուժին հարվածելուն: Դա միտված է ընդհանրապես նոր քաղաքական համակարգին հարվածելուն, որը կայացման շանս ունի միայն նախկին նախագահների քաղաքական տրամաբանության շրջանակից դուրս գալու դեպքում: Ըստ այդմ, քաղաքական այդ խնդրի լուծումը միայն նոր իշխանության խնդիրը չէ, այլ բոլոր այն ուժերի, որոնք ունեն ցանկություն և պատրաստ են գործել այդ եռանկյունու տրամաբանությունից դուրս:

Աղբյուրը` https://bit.ly/2IVucvY