Թրամփը մեկ օրվա ընթացքում հասցնում է միջինը 22 անգամ սուտ խոսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա ընթացքում հասցնում է միջինը 22 անգամ սուտ խոսել, այս մասին գրում է The Washington Post պարբերականը, որը պարբերաբար ուոսւմնասիրում է երկրի ղեկավարի կասկածելի արտահայտությունները, համեմատականներ անցկացնում նախագահի հին ու նոր հայտարարությունների միջև:

Ըստ թերթի՝ դեռևս մեկ տարի առաջ Թրամփի օրական «ստերը» հասնում էին 16.5-ի, իսկ նախագահության առաջին տարում՝ 5.9-ի:

Հղում կատարելով Fact Checker տվյալների բազային՝ լրատվամիջոցը նկատում է, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ առաջնորդի պաշտոնը ստանձնելուց ի վեր կատարել է ավելի քան 9000 կասկածելի արտահայտություն:

Օրինակ՝ մարտի 3-ին Պահպանողական քաղաքական գործիչների(CPAC) ամենամյա համաժողովին Թրամփն իր ելույթում ուռճացրել է որոշ թվեր՝ միայն այդ օրը կատարելով 104 սուտ արտահայտություն:

The Washington Post-ը կարծում է, որ նախագահը նաև հաճախ է ստում իր վարչակազմի կողմից հարկային բեռի աննախադեպ նվազեցման, Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը սկսելու և ԱՄՆ-ում տնտեսական հրաշալի վիճակի մասին: