Կառավարությունը լուծարում է Ջրային տնտեսության ԾԻԳ-ը

2019 թ. հուլիսի 1-ից ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը կդադարեցնի գործունեությունը: Դրա գործառույթները կիրականացնի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ «Ծրագրերի իրականացման վարչություն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով: Այս մասին որոշում կառավարությունը կընդունի այսօրվա՝ փետրվարի 28-ի, նիստում։

Հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թ. ապրիլի 15-ը կստեղծվի լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով ՀՀ արդարադատության, ֆինանսների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին։

«Նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ»,- գրված է կառավարության որոշման նախագծում:

Ի դեպ, աշխատանքից ազատված աշխատողները կներգրավվեն աշխատանքի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կառուցվածքում ստեղծվելիք ստորաբաժանման համարժեք քաղաքացիական ծառայության պաշտոնների, իսկ դրա անհնարինության դեպքում աշխատանքային պայմանագրով՝ առնվազն պահպանելով վարձատրության (աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների) պայմանները։

Աղբյուրը՝ 168.am