«Վերջին 10 օրերին ՀՀԿ-ին ավելի շատ են անդամագրվել, քան դուրս են եկել կուսակցությունից». Ռուբեն Թադևոսյան

Այսօր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում նախարարների տեղակալներ, վարչության պետեր, ավագ մասնագետներ սկսել են ակտիվորեն անդամագրվել Հանրապետական կուսակցությանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն անդրադառնալով այս տեղեկատվությանը, նշեց, որ այդ հարցին չի կարող հստակ պատասխանել, քանի որ այն կոնկրետացված չէ։

Ինչ վերաբերում է ընդհանրապես ՀՀԿ-ից դուրս գալուն կամ անդամակցելուն, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց. «Երկու գործընթաց ունենք՝ որոշ մարդիկ դուրս են գալիս և դրան զուհագեռ ուրիշներն անդամակցում են կուսակցությանը։ Ինչպես մարզերում, այնպես էլ Երևանի տարածքային գրասենյակում մարդիկ դիմում են ներկայացնում ՀՀԿ-ին անդամագրվելու համար»,- ասաց Ռ. Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ վերջին 10 օրերի ընթացքում ՀՀԿ-ին ավելի շատ մարդ է անդամագրվել, քան դուրս է եկել կուսակցությունից։

Զվարթ Խաչատրյան