Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ մի խումբ էջմիածինցիներ որոշել են ստորագրահավաք կազմակերպել՝ գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի պահանջով: Ըստ տարածված տեղեկության՝ նրանք դժգոհ են Գասպարյանի կառավարումից եւ կադրային քաղաքականությունից:

«Եթե մատնանշվի՝ ինչից են դժգոհ, կփորձենք լուծել»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

– Տիկին Գասպարյան, ճի՞շտ է, որ ձեր հրաժարականի պահանջով ստորագրահավաք է իրականացվում, եթե այո, ապա ովքե՞ր են այդ իրականացնողները:

– Վաղուց է անցկացվում կարծես թե, չեմ հասկանում՝ ինչու է մամուլում նոր հայտնվել: Մի անձ է նախաձեռնել այդ ստորագրահավաքը, ով իմ նշանակման առաջին օրվանից հակակրանք ունի իմ անձի հանդեպ: Այդ մարդը շրջում է տներով եւ տեղեկացնում է, որ ստորագրահավաք է կազմակերպված, բայց այդ մասսայական դժգոհությունների մասին, որ գրվում է, չեմ կարող ասել, որ իրականությանը համապատասխանում են: Որովհետեւ քաղաքապետարանը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, շատ ծրագրեր ենք իրականցնում` ցանկության դեպքում կարելի է դրանք տեսնել: Շատ բաներ արդեն տաք եղանակներին է նախատեսվում, որովհետեւ ձմռան եղանակներին պարզապես շատ աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել: Թե չէ, որեւէ հստակ բան չի մատնանշվում, թե օրինակ, ինչից են դժգոհ կամ ինչում է թերացել քաղաքապետարանը:

– Իսկ ո՞վ է այդ մի մարդը: Կազմակերպվա՞ծ ստորագրահավաք է, թե ուղղակի ձեր անձի դեմ է:

– Չէի ցանկանա նշել, մի կին է դա նախաձեռնել:

– Ինչ-որ անձերի կամ նախկին իշխանությունների հետ կապ ունեցո՞ղ մարդ է:

– Չեմ կարող ասել՝ ինչ կա սրա հետեւում կանգնած: Գիտեմ՝ ով է նախաձեռնողը, որովհետեւ պարբերաբար սրա մասին հայտարարում է, իսկ որեւէ մեկի կողմից ուղղորդվում է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Բայց նաեւ կնշեմ, որ այս պահին մեր գործող օրենսդրությամբ ստորագրահավաքը որեւէ իրավական հետեւանք չունի եւ չի կարող ունենալ: Ընդամենը հոկտեմբերի վերջին են տեղի ունեցել ընտրությունները, դրանց արդյունքները չեն վիճարկվել, ըստ էության բոլորն ընդունել են, որ արդար, թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել եւ դրա արդյունքում ընտրվել է քաղաքապետ: Մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է:

– Իսկ փորձե՞լ եք կանչել, զրուցել, հասկանալ, թե կոնկրետ ինչի՞ց են դժգոհում:

– Եթե մատնանշվի՝ ինչից են դժգոհ, կփորձենք լուծել: Որեւէ կառուցողական բանի մասին այս պահին խոսք չի գնում: Պարզապես գիտեմ, որ տներով շրջում են եւ ստորագրահավաք են անում, բայց թե կոնկրետ ինչն է դժգոհության պատճառը` չգիտեմ:

Շարունակությունը՝ armtimes.com