«Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը». Լենա Նազարյան

ԱԺ ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին, որովհետև ոչ թե ծրագիրը վատն էր, այլ որովհետև որպես ընդդիմադիր՝ նրանք առաջին անգամ ազատորեն գործեցին: Նման տեսակետ այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Այսինքն՝ առաջին անգամ գուցե քաղաքական դաշտում ընդդիմադիրները կարողացան ազատ գործել և դեմ քվեարկել կառավարության ծրագրին, այսինքն՝ գործել՝ որպես ընդդիմադիր»,- ասաց Լ.Նազարյանը:

Թե ինչո՞ւ խորհրդարանական մեծամասնությունը չընդունեց ԲՀԿ առաջարկն ու չնախաձեռնեց ԱԺ նախագահի մոտ հավաք՝ քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերելու համար, Լ.Նազարյանը պատասխանեց, որ իրենք բաց քաղաքականության կողմնակիցներ են, և բոլոր պայմանավորվածություններն ԱԺ նիստերի դահլիճում են տեղի ունենում, և եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, կարող է ներկայացնել:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քննադատությանը՝ Լ.Նազարյանն այն բնորոշեց «մուննաթ» բառով. «Մտքիս գալիս է միայն մուննաթ բառը, որը բովանդակային առումով, ըստ էության, ոչ մի արժեք չի ստեղծում: Ես կուզեի, որ շատ ավելի բովանդակային խոսակցություն լիներ նրանց կողմից: Եվ իսկապես, մի փոքր սնանկ էր նրանց կողմից հնչեցրած քննադատությունը: Բայց ամեն հարցի մանրամասն անդրադարձ եղավ»:

Լ.Նազարյանի խոսքով՝ իրենք երբեք չեն փորձել սահմանել ընդդիմադիրության չափանիշեր, դա իրեն ընդդիմադիր դիրքորոշող քաղաքական ուժի անելիքն է. «Մենք չպետք է որոշենք՝ ով է ընդդիմադիր, ով՝ ավելի ընդդիմադիր»:

Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ երեկ ընդդիմադիր ուժն այսօր այդքան անհանդուրժող է դարձել այսօրվա ընդդիմության նկատմամբ, և հարցին՝ արդյո՞ք դուք ձեզ մոտ նման փոխակերպումներ նկատել եք, Նազարյանը պատասխանեց.

«Գիտեք, դժվար է պաշտպանվել և ինչ-որ բան ասել, երբ պարզապես ասում են՝ անհանդուրժող ես, բայց ինչպե՞ս է դա դրսևորվում: Բոլոր պատգամավորները ընդդիմադիր հնարավորություն ունեցան իրենց հարցերը հնչեցնելու և հանգամանալից պատասխան ստանալու: Ինչպե՞ս դրսևորվեց այդ անհանդուրժողականությունը կամ մուննաթը, որի մասին այդքան խոսում են, ինձ համար անհասկանալի է իսկապես»:

Թե ընդդիմությունն ինչպե՞ս կարող է վերահսկել կառավարության ծրագրի իրականացումը, Լ.Նազարյանը նշեց, որ այս փաստաթուղթը քաղաքական է և ավելի շատ հռչակագրային է, իսկ թվերն ու ցուցանիշները կլինեն գործողության պլաններում, որոնք կներկայացվեն:

Նա թվարկեց, իր բնորոշմամբ՝ հեղափոխական կոնցեպտները, որոնք ծրագրում ներառված են եղել, բայց որոնք անտեսվել են. բանակցություններում Արցախի որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենալու կոնցեպտը, անցումային արդարադատության, տնտեսական ներառականության, Հայաստանից դուրս բերված ակտիվները վերադարձնելու, կամ հակակոռուպցիոն տարբեր մեխանիզմներ:

«Ես կարծում եմ՝ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն պետական գործիչ ինքն է որոշում՝ ինչպիսին պետք է լինի: Եվ լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի, թե ինքն ինչպիսին պետք է լինի»,- նկատեց Լ.Նազարյանը՝ հակադարձելով Փաշինյանի վարքի մասին Մարուքյանի դիտարկումներին:

Աղբյուրը՝ 168.am