Խորհրդարանական թե՞ նախագահական կառավարման ձեւաչափն է Ձեզ համար ավելի ընդունելի․ Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի այն հարցին, թե Փաշինյանի համար պետական կառավարման խորհրդարանական թե՞ նախագահական ձեւաչափն է առավել ճիշտ։

«Խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է աշխատի: Բայց մեր Սահմանադրության համաձայն՝ ես հիմա կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, շատ լայն քննարկում է տեղի ունենում: Եթե ես հիմա այս առիթները չունենայի և լինեի նախկին լիազորություններով նախագահ, ես այդ կարգավիճակին չէի դիմանա, որովհետև ես, լինելով հրապարակային գործիչ, կարիք ունեմ լինելու այսպիսի հարթակներում, լսել էս հարցերը, ու գաղափարներն անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ: Իհարկե, այնպես չի, որ նախագահը այդ առիթները չունի: Բայց, օրինակ, պատգամավորները նախագահին հարց տալու առիթ չունեն: Ու դա շատ վատ է։ Իմ կարծիքով՝ այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ այն պարագայում, երբ մենք զարգանում ենք, որպես ժողովրդավարական երկիր»։

Վարչապետն ընդգծեց, որ իր համար առավել գերադասելի է խորհրդարանական կառավարման մոդելը, քանի որ Ազգային ժողովն այժմ շատ կարևոր վերահսկողական գործառույթ է իրականացնում.

«Խորհրդարանի կարևոր դերերից մեկն էլ այն է, որ ինքն իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը, եթե ինքը կոռումպացված չէ եւ այդ ամենի գլխին ինքը չէ կանգնած, նշանակում է խորհրդարանի գործունեության ցանկացած դրսեւորում ձեռնտու է հենց վարչապետին, որպեսզի կառավարության աշխատանքը լինի ավելի արդյունավետ: Այս երկխոսությունն ինձ շատ դուր է գալիս: Դուր է գալիս, որ նախարարները ժամանակ առ ժամանակ պետք է գան՝ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական խմբակցությունների փակ նիստերում շատ կոշտ ու տհաճ հարցերի պատասխանեն, որ կառավարությունը իրեն մշտական վերահսկողության ներքո զգա»:

Սասուն Միքայլեյանն արձագանքեց, որ, իր կարծիքով, արդյունավետության համար ավելի լավ կլիներ լիազորությունների եւ աշխատանքի բաժանում նախագահի ու վարչապետի միջեւ։

Միքայելյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի այն մտքին, որ անհրաժեշտ է արտահանել գյուղմթերքը։ Պատգամավորի խոսքով՝ ներկա դրությամբ գյուղմթերքի արտահանումը որոշակի տենդերներով է որոշվում, ավելի կոնկրետ՝ ինչ-որ մարդիկ չնչին գներով մթերքը գնում են գյուղացուց, էժան գներով վաճառում, արտահանում։

Փաշինյանն ասաց, որ քաղաքացին ինքը եւս պետք է մասնակցի գնաորոշման գործընթացին․

«Կոպիտ ասած՝ կարտոֆիլի մշակմամբ զբաղվողները կարտոֆիլագործների ասոցիացիա պիտի ունենան, բանակցեն գների վերաբերյալ, վաճառքի վերաբերյալ եւ այլն»։

Աղբյուրը՝ armtimes.com