Եթե քաղաքացին ասի՝ պետք չի ՀԴՄ կտրոն, ապա ոչ մի բան էլ չի փոխվելու, մենք մեր խեղճության մեջ տապակվելու ենք. Նիկոլ Փաշինյան

Մի քանի առանցքային բարեփոխումներ կան, որ պատրաստվում ենք իրականացնել, և այդ բոլոր բարեփոխումների իմաստ լինելու է  քաջալերել մարդկանց աշխատանքը: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Նրա խոսքով՝ կառավարության ամենակարևոր նպատակներից մեկը աղքատության հաղթահարումն է: «Աղքատության հաղթահարման գործում կարևոր ենք համարում Հարկային օրենսգրքի փոփոխության մեր ունեցած պատկերացումների մի հատվածը, որով պլանավորվում է Հայաստանի տնտեսական համակարգում նոր հասկացություն ներմուծել, որը պայմանականորեն պետք է անվանել միկրոբիզնես:

Այն պետք է ազատված լինի բոլոր հարկերից, խոսքը մինչև 24 մլն տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսների մասին է: Հույս ունեմ՝ առաջիկայում կընդունենք այդ օրենքը, որը հնարավորություն կտա իսկապես քաջալերել մարդկանց փոքր բիզնեսը»,- շեշտեց նա:

Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր է աղքատության հաղթահարման տեսակետից: «Աղքատություն հաղթահարել ասելով շատ դեպքերում հասկացվում է մարդկանց սնունդ, հագուստ և այլ նյութական միջոցներ մատակարարելը՝ առանց պատասխանելու հետևյալ հարցին, եթե դա հնարավոր է անել, մեկ օր, մեկ շաբաթ դրանից հետո ի՞նչ է տեղի ունենալու: Այս մտածողությունը հատուկ է ներդրված, որ ծառայի կոռուպցիոն համակարգին, ոչ թե մարդկանց աջակցել աղքատությունը հաղթահարելու գործում, այլ աղքատության մեջ ավելի թաղվելու գործում, որ ընտրությունից ընտրություն հնարավոր լինի ընտրակաշառքի միջոցով հարյուր հազարավոր ձայներ հավաքել»,- ասաց նա: Փաշինյանն ընդգծեց, որ աղքատության հաղթահարման լավագույն միջոցն առաջին հերթին աշխատանքն է:

«Չկա և չի կարող լինել աղքատության հաղթահարման որևէ այլ մեթոդ, քան աշխատանքն է: ՀՀ քաղաքացիներին պետք է օգնենք, որ նրանք կարողանան իրենք իրենց համար ստեղծել աշխատատեղեր և հաղթահարել աղքատությունը: Մենք ասում ենք, որ Հայաստանում պետք է հնարավոր լինի 0–ից բիզնես ստեղծել: Սրա համար պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը»,- նկատեց նա:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք գտել են լուծումը՝ ինչպես է որոշվելու՝ մարդը 20 մլն շրջանառություն ունի, թե ավելի շատ: «Դա որոշվելու է հաշվիչ դրամարկղային կտրոնների մեքենաների արդյունքում: Այստեղ մենք ունենք մեկ հարց՝ այս առաջարկի արդյունքում մեզ մոտ 0-ից ստեղծվելու են միկրոբիզնեսնե՞ր, թե՞ 100 միլիոնանոց բիզնեսները դառնալու են 5-6 հատ միկրոբիզնեսներ: Այսօր այս խնդիրն ունենք ՀՀ-ում: Երբ շրջանառության հարկը դրվեց, մեզ թվաց, թե մենք բալասան ենք գտել, բայց բերեցին, ամեն մեկը խանութներում 65 հատ հաշվիչ դրամարկղային մեքենաներ շարեցին 65 տարբեր անհատ ձեռներեցների անունով և հարկերից սկսեցին խուսափել»,- հայտարարեց նա:

Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է, թե մարդիկ ինչպես են արձագանքելու յուրաքանչյուր հնարավորությանը: «Կարևոր է՝ հիմա շարունակվելո՞ւ են ՀԴՄ մախինացիաները, թե՞ ոչ: Ուզո՞ւմ եք կանխատեսել՝ ինչ է լինելու տնտեսական հռչակված հեղափոխության արդյունքում: Յուրաքանչյուր քաղաքացի թող ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում: Եթե քաղաքացին ասի՝ պետք չի ՀԴՄ,  ապա ոչ մի բան էլ չի փոխվելու, մենք մեր խեղճության մեջ տապակվելու ենք ու ասենք՝ կառավարությո՛ւն, բա ինչի՞ այս հարցը չլուծեցիր»,- նշեց նա:

Աղբյուրը՝ tert.am