«ՀՀ վարչապետի շատ խոստումներ տեղ չեն գտել Կառավարության ծրագրում». Իոաննիսյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ներկայացրել է իր ծրագիրը, որն առաջիկայում կուղարկվի Ազգային ժողով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով կառավարության ծրագրին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կառավարության ծրագրում չկա ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների և ընտրությունների բարեփոխման մասին որևէ խոսք։ 

168.am-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այսօր Հայաստանում կա ժողովրդավարացման որոշակի ցուցանիշ, որն ամրապնդելու և չկորցնելու համար շատ կարևոր է կուսակցությունների և ընտրական բարեփոխումը, ուստի կարծում է, որ իր նշած կետը պետք է տեղ գտներ Կառավարության ծրագրում։

«Հարցը միայն այն չէ, որ ես եմ այդ կարծիքին, հարցն այն է, որ կուսակցությունների և Ընտրական օրենսգրքի փոխելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ժամանակավոր կառավարության հիմնական խոստումներից մեկն էր, որն այն ժամանակ չկատարվեց։ Մի կողմ թողնենք դրա չկատարման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատաճառները։ Հարցը հետևյալն է՝ իսկ առաջիկայում կկատարվի՞, այսինքն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում կատարվելո՞ւ է, եթե կատարվելու է և ծրագրում գրված չէ, այդքան էլ լավ չէ, լավ կլիներ, որ ծրագրում գրված լիներ։ Եթե արդեն համարում են, որ դա այլևս Հայաստանին անհրաժեշտ չէ՝ արդեն տխուր է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Հարցին՝ հեղափոխության օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք այսօր տեղ չեն գտել Կառավարության ծրագրում, ինչո՞ւ է ինքը շեշտը դրել հենց ժողովրդավարական բարեփոխումների հիմքում ընկած կուսակցությունների և ընտրությունների բարեփոխման վրա, Դ. Իոաննիսյանը խոստովանեց, որ գուցե ՀՀ վարչապետը բազմաթիվ խոստումներ է տվել՝ կապված տնտեսության հետ, բայց քանի որ տնտեսության մասնագետ չէ, չի կարող խոսել մի բանից, որին լավ չի տիրապետում։

«Վարչապետի խոստումը, որը տվել էր մայիսի 1-ին՝ կապված ընտրությունների և կուսակցությունների, Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարությունների ստեղծելու հետ, տեսնում եմ այդ խոստումների չկատարման բացասական հետևանքները։ Իսկ մյուս ոլորտներին այդքան լավ չեմ տիրապետում, որպեսզի դրանց մասին քննադատեմ»,- շեշտեց Դանիել Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության ընդհանուր ծրագրին, մեր զրուցակիցը նշեց, որ դեռևս ամբողջական ծրագրին չի ծանոթացել, ծանոթացել է միայն հակակոռուպցիոն դրույթին, որը, նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ մի քիչ դեկլարատիվ է, բայց տրամաբանությունը գոնե հասկանալի է։

«Ես կրկին փորձել եմ գտնել ժողովրդավարական հիմնական բարեփոխումների մասին դրույթ և ըստ էության չեմ գտել։ Օրինակ՝ չեմ գտել նաև այն մասին դրույթ, որ կառավարությունը շատ հարցեր պետք է դնի հանրաքվեի, քանի որ վարչապետը խոսում էր նաև դրանից՝ ասելով, որ շատ հարցեր պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, այս մասին էլ խոսք չկա»,- եզրափակեց Դ. Իոաննիսյանը։