Ամբողջատիրության թավշյա առանձնահատկությունները. Նիկոլ Փաշինյանը հաշվետու է ինքն իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում հրաժարվել ոստիկանությունից ու Ազգային անվտանգության ծառայությունից։ Հրաժարվել, այո։ Հենց այդպես է նա համարում ոստիկանությանն ու ԱԱԾ-ին նախարարության կարգավիճակ տալն ու խորհրդարանին հաշվետու դարձնելը։ Սա դարձել է քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը, որքան էլ երիտհեղափոխականները փորձում են զանազան այլ թեմաներով հանրային ուշադրությունը տեղափոխել օրհներգի կամ դրոշի փոփոխության թեմաների վրա։ Բովանդակային առումով ԱԱԾ-ի ու ոստիկանության կարգավիճակի հարցը ամենակարևոր ներքաղաքական հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Այդ հարցը կատալիզատոր է՝ որքանով է իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը ազնիվ սուպերվարչապետությունից հրաժարվելու մասին իր հայտարարություններում։ Պարզվում է՝ ազնիվ չէ։ Որովհետև ազնիվ լինելու դեպքում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն արդեն իսկ կունենային նախարարության կարգավիճակ, ինչպես խորհրդարանին հաշվետու մյուս մարմինները։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն առիթով հայտարարում է սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին։ Չի հրաժարվում սուպերվարչապետական համակարգի հիմնասյուներից՝ ոստիկանությունից ու ԱԱԾ-ից, բայց հայտարարում է սուպերվարչապետական համակարգից հրաժարվելու մասին։ Այդպես չի լինում, ինչպես ցուցանում է ժամանակին Գագիկ Ջհանգիրյանի արտաբերած ասույթը՝ կույս մնալու և հաճույք ստանալու մասին։

Այսպիսով, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շարունակելու են մնալ վարչապետի անձնական վերահսկողության ու ցուցումների տիրույթում և դա կամրագրվի առաջիկայում խորհրդարան ներկայացվելիք «Կառավարության գործունեության և կառուցվածքի» մասին օրենքում։ Այսինքն՝ օրենքով կամրագրվի սուպերվարչապետության հիմնասյուների՝ վարչապետի անձնական վերահսկողության տակ մնալու պարագան։ Զուգահեռաբար, վարչապետի ու իշխող թիմի անդամների կողմից կշարունակեն հնչել լիրիկական հայտարարություններ այն մասին, թե որքան վատ համակարգ է սուպերվարչապետական համակարգը և որ դրանից պետք է հրաժարվել քայլ առ քայլ։ Չկատարելով ամենակարևոր քայլը։

Ուժային կառույցների խորհրդարանական վերահսկողության մասին քննարկումները երկրորդական պլան են մղում վերահսկողության ու հաշվետվողականության հետ կապված շատ ավելի գլոբալ խնդիրը՝ իշխանության վերահսկողության ու հաշվետվողականության հարցն ընդհանրապես։ Իսկ ո՞ւմ է հաշվետու իշխանությունը ընդհանուր առմամբ, և ո՞ւմ է հաշվետու վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորաբար։ Այս հարցերի ֆորմալ և բովանդակային պատասխանները պետք է տարանջատել իրարից։ Ֆորմալ առումով վարչապետը հաշվետու է իրեն ընտրած խորհրդարանին, որի վերահսկողությանն էլ ենթակա է իր գործունեությունը։ Բայց դա միայն ու ընդամենը ֆորմալ առումով։ Գործնականում Նիկոլ Փաշինյանը հաշվետու է միայն իր քաղաքական թիմին։ Նա արդեն երկրորդ անգամ խորհրդարան է գալիս և հանդիպում միայն «Իմ քայլը» խմբակցության անդամներին, որոնց հետ փակ հանդիպումներից հետո կցկտուր տեղեկություններ են տարածվում դրանց մասին։ Դա հաշվետվողականություն չէ, դա ներխմբային, ներկուսակցական ինչ-որ ընթացակարգ է, որի հետ հասարակությունը կապ չունի։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը անցած երկու շաբաթվա ընթացքում մեկնել է Դավոս, ապա Գերմանիա, Շվեյցարիայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կարևոր հանդիպումներ են եղել նաև Գերմանիայում։ Խորհրդարանական հանրապետության տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է այդ հանդիպումների շուրջ քննարկում ունենար ԱԺ բոլոր խմբակցությունների գոնե ղեկավար կազմերի հետ։ Սակայն ոչ, նա հանդիպում է միայն իր ղեկավարած ուժի խորհրդարանական խմբակցությանը՝ հարկ չհամարելով անգամ մյուսների հետ արարողակարգային հանդիպում կազմակերպել։ Կամ՝ պարգևավճարների հետ կապված հայտնի սկանդալային պատմություններից հետո «Իմ քայլը» խմբակցություն են հրավիրվում Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը կամ այլ պաշտոնյաներ։ Եվ ոչ մի խոսք խորհրդարանական այլ խմբակցությունների հետ հանդիպման կամ նրանց առջև այդ պաշտոնյաների հաշվետվողականության մասին։

Եթե սրան գումարենք նաև այն իրողությունը, որ թավշյա հեղափոխության ընթացքում ու դրանից հետո քաղաքացիական հասարակության միավորները այնքան ու այնպես սերտաճեցին հեղափոխական, ապա իշխանական թիմի հետ, որ նրանց կողմից վերահսկողության մասին խոսելն անիմաստ է, պատկերը կդառնա ավելի ամբողջական։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաշվետու չէ որևէ համակարգի առաջ, չկա հաշվետվողականության որևէ ինստիտուցիոնալ մեխանիզմ, իսկ այդ պայմաններում ընդդիմության առկայությունը ոչ այլ ինչ է, քան աշխարհին ցույց տալու հնարավորություն, որ Հայաստանում տիրում է ոչ թե ամբողջատիրական իշխանություն, այլ ժողովրդավարություն։

Այսինքն՝ իրականում մենք ունենք ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ամբողջատիրական իշխանություն, որը որևէ մեկի առաջ հաշվետու չէ։ Կարելի է, իհարկե, ասվածին հակադրել, թե իշխանությունը հաշվետու է ժողովրդին, բայց դա ևս արդեն լիրիկական զեղման է նմանվում։ Ժողովրդին հաշվետվության հաջորդ ակտը տեղի է ունենալու հինգ տարի հետո։ Մինչև այդ իշխանությունը վայելում է և կվայելի անհաշվետու իշխելու հաճույքը, որը բնորոշ է բոլոր բռնապետներին։

Աղբյուրը՝ 1in.am