Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երեկ լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը նախարարություն դարձնելն է։

«Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում, նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է։ Հիմա տեսեք, էսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավական համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է։ Այսինքն՝ էնտեղ փոփոխությունները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, հանգիստ, որպեսզի համակարգի կայունությունը չխաթարվի, և դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի», – ընդգծել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը ընդգծել է՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը անձամբ է մասնակցել խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումներին։

Միանգամից սկսենք վարչապետի վերջին դիտարկումից ու նկատենք, որ բյուջեի կատարողականի քննարկումներին ԱԱԾ տնօրենի ներկայությունը դեռ չի ենթադրում խորհրդարանական վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմների առկայություն։ Ավելին՝ չկա որևէ երաշխիք, որ վաղը՝ քաղաքական մեկ այլ իրավիճակում, ԱԱԾ տնօրենը կներկայանա խորհրդարան։ Մյուս կողմից՝ խորհրդարանական կառավարման համակարգը այլ մեխանիզմ չի էլ կարող ենթադրել, որովհետև իշխանության բարձրագույն մարմինը ԱԺ-ն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ կառավարման այսօրվա համակարգը, որը Սերժ Սարգսյանը «կարել» էր իր համար, պետք է հարմարեցվի խորհրդարանական մոդելին, այլ խոսքով՝ օր առաջ սուպերվարչապետական համակարգը պետք է չեղարկվի։ Ըստ ամենայնի՝ նման լուծման Նիկոլ Փաշինյանը, գոնե այս պահին, մտադիր չէ գնալ, ու ըստ այդմ՝ վարչապետի ու նրա թիմի կողմից շրջանառու են դարձել բավականին վիճահարույց ու պարզունակ թեզեր։

Մասնավորապես, եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետական բոլոր մարմինները պետք է վերահսկվեն խորհրդարանի կողմից, ապա այսօրվա սուպերվարչապետական համակարգի պայմաններում դա հնարավոր չէ։ Ինչպե՞ս է պատկերացնում Փաշինյանը Ոստիկանության կամ ԱԱԾ-ի գործունեության վերահսկողությունը խորհրդարանի կողմից, եթե դրանց ղեկավարները նույնիսկ չեն մասնակցում խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանին կամ առհասարակ՝ ինստիտուցիոնալ առումով ենթակա են ընդամենը մեկ մարդու՝ վարչապետին։ Ընդհանուր ձևակերպումների փոխարեն՝ շատ ավելի համարժեք կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը տար հենց այս հարցի պատասխանը, այլապես վերահսկողության անհրաժեշտության մասին դասագրքային աքսիոմաներ կան նաև Սահմանադրության տեքստում։

Կամ՝ եթե Փաշինյանը կարծում է, որ Ոստիկանությունը, նախարարություն դառնալով, կուսակցականացվելու է, ապա անուղղակիորեն խոստովանում է, որ բանակը կուսակցականացված է։ Իհարկե, մենք գիտենք, որ նման բան չկա, պարզապես բացահայտում ենք վարչապետի փաստարկի խոցելիությունը։

Մյուս կողմից՝ եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի փաստարկը ճիշտ է, ապա ստիպված ենք ակամայից խոստովանել, որ Ոստիկանությունն այսօր էլ ունի կուսակցականացման վտանգ, որովհետև գտնվում է վարչապետի ենթակայության տակ, որը նաև կուսակցություններից մեկի փաստացի ու անվիճելի առաջնորդն է։

Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության և ընդհանրապես իրավական համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է, ապա ակամայից խոստովանում է, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ինստիտուցիոնալ ձևախեղումները եղել են բարեփոխում։

Այս պարագայում, սակայն, Փաշինյանի տեսակետը հակադրության մեջ է մտնում նրա թիմի բացառիկ պրոֆեսիոնալներից մեկի՝ Պաշտպանության, ՆԳ և ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիրքորոշման հետ, որը խորհրդարանական ամբիոնից վերջերս պնդեց, թե ԱԱԾ ու Ոստիկանության այսօրվա ինստիտուցիոնալ կարգավիճակն են հանգեցրել Մարտի 1-ի ոճրագործությանը։

Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում հակադրվում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի փաստարկված դիրքորոշումներին։

Աղբյուրը՝ 1in.am