Պետական համակարգն ուռճացված է. պետք է ոչ թե ռեալ պրոֆեսիոնալների հաստիքները կրճատվեն, այլ «կոֆե խմողների». Գևորգ Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ պետական կառավարման ապարատը ուռճացված է և կրճատումների անհրաժեշտություն կա, բայց միաժամանակ կարևորում է օպտիմալացման արդարացի մոտեցումը:

«Մենք բազմիցս, նաև նախորդ տարի նշել ենք, որ պետական համակարգը գերուռճացված է և այդ համակարգում ընդգրկված մարդիկ շատ հեշտ են ենթարկվել ճնշումների՝ նույն  աշխատանքը կորցնելու վախով, և դա ընտրությունների ժամանակ որպես գործիք է օգտագործել ամբողջ պետական  համակարգը: Հիմա միանշանակ պետք է բեռնաթափել, բայց այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես, որովհետև առաջին հերթին աշխատողները պետք է վստահ լինեն, որ այսպես ասած «կոֆե խմողների» հաստիքներն են կրճատվելու, և ոչ թե ռեալ պրոֆեսիոնալների և խնամի-ծանոթ-բարեկամները շարունակեն իրենց պաշտոնավարումը»,-ասաց նա և նշեց, որ միանշանակ սա պետք է հայտարարվի որպես սկզբունք, որ հաշվի են առնվելու միայն պրոֆեսիոնալ որակները, ինչը թերևս դեռևս չի արվել:

Մյուս կողմից, ըստ նրա՝ այդ խնայված գումարները, հաշվի առնելով երկրում գործազրկության բարձր տոկոսը, պետք է ուղղվի ոչ միայն աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը, այլ նաև գործազուրկ քաղաքացիներին  վերապատրաստելու համար՝ շուկայում առկա աշխատատեղերին համապատասխան:

«Մարդիկ կան, որ 15-20 տարի աշխատել են պետական համակարգում և հիմա դառնալու են գործազուրկ: Նրանք միգուցե նաև չեն տիրապետում շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Նախ պետք է պետական մակարդակով հստակեցնել այն ռազմավարական ուղղությունները, որոնց մեծ զարկ է տրվելու առաջիկայում և հետո գործազուրկ դարձած այս քաղաքացիներին վերապատրաստել դրա համար, նաև մի քանի ամսվա աշխատավարձ պետք է փոխանցվի, որ նրանք մինչև այդ ադապտացիոն շրջանն անցնեն, կարողանան արդեն մասնավոր ոլորտում իրենց տեղը գտնել»,-ասաց նա:

Գորգիսյանը հիշեցնում է, որ Սահմանադրությամբ Հայաստանը սոցիալական պետություն է,  ուստի պետությունն իրավունք չունի միայնակ թողնելու այդքան մեծ թվով քաղաքացիների: «Մի քանի հազար քաղաքացու մասին է խոսքը օպտիմալացման արդյունքում, որ նրանք դառնալու են գործազուրկ: Չի կարելի թույլ տալ, որ այդ քաղաքացիները կրկին իրենց զգան լքված»,-ասաց նա:

Իսկ թե կա՞ն աշխատատեղեր, որ քաղաքացիները կարող են վերապատրաստվել և տեղափոխվել այլ ոլորտներ, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դրանք պետք է Կառավարությունն իր ծրագրով ներկայացնի: «Այսինքն՝ մինչև այս օպտիմալացումներ սկսելը կամ դրա մասին խոսելը պետք է ներկայացվեր այդ տեսլականը, սա ամենամեծ թերացումն է, որ թույլ է տվել Կառավարությունը, այսինքն՝ սկսել է ինչ-որ պրոցես՝ առանց նշելու, թե ինչի համար է այդ պրոցեսը և դեպի ուր է դա տանում: Այսինքն՝ պետությունն իրավունք չունի ձեռքերն ուղղակի լվանալու, ասի՝ դե գնացեք, դուք էլ մնացած 30 տոկոս գործազուրկների պես ինչ ուզում եք, արեք, սոցիալական պետությունը պարտավորություններ ունի իր քաղաքացիների համար»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ նաև պետական համակարգում ծառայողական մեքենաների կրճատման որոշմանը և նշեց, որ դրանք կարելի է նույնիսկ մանրուք համարել, հաշվի առնելով, որ այդ գումարները կարող են ուղղել, օրինակ՝ պարգևավճարներին:

«Եթե պետք է այդ գումարները հետո որպես պարգևավճարներ ծառայեն՝ կամայական մի քանի աշխատողների տրամադրվելով, դա որևէ արդյունք չի տա, այսինքն՝ գլոբալ  կառավարման մոդելը պետք է փոխվի, որովհետև հին ավանդույթները պահպանելով՝ հեռու չենք գնա, հիմա առաջին հերթին կարևոր է հին ավանդույթները քանդելը և կառավարման  նոր արդյունավետ մոդել ներդնելը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am