Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի աշխատասենյակի համար չի գնվել ոչ նոր կահույք, ոչ էլ տեխնիկա: Փոխնախագահը նախընտրում է անհրաժեշտության դեպքում պարզապես վերանորոգել եղածները։ Նազարյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում՝ դրան կցելով մի ծաղրանկար:
«Ի դեպ, ԱԺ իմ աշխատասենյակի համար նոր կահույք պահանջելու մասին լրագրողները շարունակում են հարցնել ու հարցնել: Ու ես տարակուսում եմ՝ ինչ ճոխությունների մասին է խոսքը: Ինձ համար չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք: Ես չունեմ դրա պահանջը:
Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, ապա ինձ համար նախընտրելի է, որ դրանք վերանորոգվեն, ոչ թե գնվեն նորերը: Հասկանալի է, որ ես ունեմ ներկայացուցչական կարգավիճակ, և իմ սենյակ են այցելելու նաև Հայաստանի հյուրերը, և ես ուզում եմ, որ ԱԺ-ն հնարավորինս ներկայանալի լինի: Բայց ամեն ինչ լինելու է շատ պարզ, առանց որևէ ճոխությունների, ես դրան դեմ եմ»,-նշել է Նազարյանն ու շեշտել, որ այդ հարցերն իր համար ընդհանրապես կարևոր հարցեր չեն:
Նազարյանը նաև ներկայացրել է այն բազմոցը, որը պետք է նոր պաստառով պատեն, քանի որ, ինչպես ինքն է նշել, երկար ժամանակ պահեստում է պահված եղել ու վրայի փոշին չի անցնում:
«Ես պատրաստ եմ ձեզ պատմել իմ աշխատանքի հետ կապված ամեն ինչ, բայց արդյոք իմաստ ունե՞ր, որ մամուլն այսքան ժամանակ ձեր ուշադրությունը ու ժամանակը զբաղեցներ սրանով»,-եզրափակել է ԱԺ փոխնախագահը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի ցանկացել օգտագործել ՀՀԿ խմբակցությունից խորհրդարանի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բազմոցը և այն փոխարինում է նորով:
Աղբյուրը՝ 1in.am