Հեղափոխական ավերակների տակ. բաց ձեռքերով

Ուր է գնում Հայաստանը, ինչպիսի պետություն կլինի այն 1, 5, 10 տարի անց, ովքեր կզբաղեցնեն քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտաների տեղը, ինչ մասնակցություն կունենա Հայաստանը համաշխարհային անվտանգության և համաշխարհային քաղաքակրթության ապահովման գործընթացում… Սրանք հարցեր են, որոնք ոչ թե վերցված են Դավոսի տնտեսական համաժողովի օրակարգից, (որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը), այլ սրանք հարցեր են, որոնք չեն կարող չհուզել ՀՀ ցանկացած քաղաքացու՝ անկախ զբաղմունքից, մասնագիտությունից, գործունեության տեսակից։ Այս հարցերի պատասխաններից է կախված, թե ինչպիսի պետությունում ենք ապրելու մենք և մեր երեխաները։ Այս հարցերի պատասխանները, սակայն, դժբախտաբար բացակայում են։ Համենայնդեպս, իշխանությունից չի հղվում որևէ ազդակ, որը կպարունակեր նշված և չնշված հարցերին գոնե մոտավոր պատասխաններ։ Որովհետև այս հարցերին պատասխանելու համար իշխանությունը, պետական պաշտոնյաներն ու համակարգերը պետք է ունենան գործունեության հստակ ռազմավարություններ, հայեցակարգեր ու ուղենիշներ։ Ոչ թե գեղեցիկ ձևակերպումներով քողարկված դատարկաբանություններ, այլ իրական հայեցակարգեր ու ռազմավարություններ։ Բայց դրանք ունենալու համար իշխանություն կրողները պետք է ունենան հավատամք, լինեն գաղափարական այս կամ այն հոսանքի, պետության զարգացման այս կամ այն մեթոդի կրողները։ Մինչդեռ մեր իշխանությունը զուրկ է նման կատեգորիաներից, Նիկոլ Փաշինյանը դեռևս հեղափոխական օրերին հրապարակում ազնվորեն հայտարարել է, որ դեմ է ցանկացած իզմի։ Իսկ որևէ իզմին դեմ լինող իշխանությունը չի կարող ունենալ զարգացման այնպիսի ռազմավարություն, որը կպատասխանի հոդվածի սկզբում ներկայացված հարցերին։

Եվ ուրեմն, այսօր մենք ապրում և ապագայում մենք ապրելու ենք մի իրավիճակում, որում վաղվա օրը տակավին անորոշ է ու անհայտ։ Իսկ դա հղի է բացասական հետևանքներով, որոնցից ամենատեսանելին հանրային սթրեսն է, որը ապագայում կարող է վերածվել ապատիայի, լավագույն դեպքում։ Ավելի վատ սցենարի պարագայում հանրային սթրեսը կարող է վերածվել իշխանության նկատմամբ ատելության։ Իսկ ինչ է լինում այդ դեպքում՝ մենք տեսել ենք 2018 թվականի ապրիլ-մայիսին։ Իրականում թավշյա հեղափոխությունը ոչ թե բաց ձեռքերի հեղափոխություն էր, ինչպես ներկայացնում էր ու է՛ Նիկոլ Փաշինյանը, այլ դա ատելության հեղափոխություն էր՝ ուղղված նախկին վարչակարգի դեմ։ Ատելությունը հատել էր կրիտիկական սահմանագիծը, և Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռանալու էր՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով կամ առանց նրա։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում և ատելության էներգիան կարողացավ տրանսֆորմացնել հեղափոխական էներգետիկայի։ Այսպիսով, ատելության հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանն ու իր թիմը առաջիկայում կարող են հայտնվել ատելության սուբյեկտ դառնալու հեռանկարի առաջ։ Ընդ որում, նրանք ոչ միայն չեն փորձում նվազեցնել այդ հեռանկարի հավանականությունը, ոչ միայն քայլեր չեն անում հնարավոր ատելությունը թույլ չտալու համար, այլ ճիշտ հակառակը. իշխանության գալուց կարճ ժամանակ անց՝ օգոստոս ամսից նրանք սկսեցին հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, նույնն արեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Այս իրավիճակի պատճառը անձնավորված չէ, որքան էլ մեծ է Նիկոլ Փաշինյանի անձնական դերակատարումը։ Իրականում պատճառները շատ ավելի խորքային են ու դրանց ժամանակագրությունը ձգվում է տարիներով, եթե ոչ տասնամյակներով։

Պատճառներից ամենակարևորը իշխանություն երևույթի նկատմամբ հանրային վերաբերմունքն է։ Տարիներ շարունակ, 1990-ականների կեսից հանրությունը ամենօրյա ռեժիմով կերակրվել է իշխանության մասին լուտանքներով, զրպարտություններով, անվանարկումներով, ինչը հանրագումարում հանգեցրել է ատելության ակումուլյացիայի։ Այդ գործում իրենց դերն են ունեցել այդ ժամանակների ինչպես ընդդիմադիր ուժերը, այնպես էլ ընդդիմադիր թերթերը, այդ թվում, ի դեպ, այն տարիների ամենաընդդիմադիր թերթի համարում ունեցող «Հայկական ժամանակը», որը խմբագրում էր ոչ այլ ոք, քան այսօրվա վարչապետը։ Տարիներ, տասնամյակներ շարունակ ընդդիմություններն ու ընդդիմադիր մամուլը քննադատելուց բացի, (ինչը նորմալ է) չեն ներկայացրել պետության զարգացման որևէ այլընտրանքային հայեցակարգ, որևէ մեթոդ, որևէ ռազմավարություն։ Ոչ միայն չեն ներկայացրել, այլ սվիններով ու լուտանքներով են ընդունել նման ցանկացած փորձ, ինչպես, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի հայեցակարգային հոդվածը անցած տարվա գարնանը՝ հեղափոխության մեկնարկի օրերին։ Մարուքյանն առաջարկում էր ինստիտուցիոնալ ընդդիմության կայացում, որը երկարաժամկետ հատվածում հանգեցնելու էր էվոլյուցիոն փոփոխությունների։ Այն ժամանակ մայրուղիներում քայլող հեղափոխականները ծաղրում էին Մարուքյանին, նրան համարում էին իշխանության դրածո և այլն։ Մինչդեռ առաջարկվող մոդելը այլընտրանք չունեցող մոդել է, եթե խոսքը ոչ թե համքարության, այլ պետության՝ իրական հակակշիռներ ու զսպումների համակարգեր ունեցող պետության մասին է։ Մենք տեսնում ենք, որ այսօր ևս իշխանությունը ոչ միայն որևէ քայլ չի անում դրանք կայացնելու ուղղությամբ, այլ վատաբանում է հակակշիռների ստեղծմանն ուղղված ցանկացած փորձ ու ջանք։

Երբ հեղափոխական էներգիան կվերափոխվի հետհեղափոխական ատելության, այս պահին դժվար է ասել։ Ակնհայտ է, սակայն, որ եթե գործնական քայլեր չարվեն վերը նշված խնդիրների լուծման ուղղությամբ, ատելության գալուստն անխուսափելի է լինելու։ Հեղափոխականները մնալու են իրենց իսկ կերտած հեղափոխության ավերակների տակ։ Բաց ձեռքերով, բնականաբար։

Աղբյուրը՝ 1in.am