ՀՀԿ փոխնախագահ, «Եվրանեսթ» -ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան լրագրողների հարցերին և հաշվի առնելով առաջացած աժիոտաժը՝ հայտնում եմ.
1. Այսօր իրոք հանդիպել եմ ԵՎՐԱՆԵՍՏ-ում հայկական պատվիրակության նորանշանակ ղեկավար Մխիթար Հայրապետյանի հետ։
2. Հասկանում եմ ոմանց տարակուսանքը ու ցավով նշում, որ նախկինների և ներկաների միջև նման աշխատանքային շփումները դեռ բացառություն են, թեպետ՝ կենսական անհրաժեշտություն երկրի շահերի տեսակետից։
3. Ողջունում եմ իր նախաձեռնությունը և շեշտում, որ ինքս նույնպես ճիշտ եմ վարվել։
4. Մանրամասն պատմել եմ աշխատանքի, նվաճումների, խնդիրների և կառույցի ներքին խոհանոցի մասին։
5. Պետություն ներկայացնելը պատիվ է, պետության շահեր պաշտպանելը՝ ծառայություն, պետություն սիրելը՝ աշխարհայացք։
6. Հաջողություն եմ մաղթում Ազգային Ժողովի նոր պատվիրակությանը, ապագայում ևս պատրաստ եմ հնարավորություններիս շրջանակներում աջակցել երկու հայկական պետությունների շահերի պաշտպանությանը արտերկրում, ինչպես նաև շարունակելու եմ հետևել և հարկ եղած դեպքում՝ քննադատել իշխանությունների ներքին և արտաքին քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ հանդիպել է «Եվրանեսթ»-ի վեհաժողովում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ։