«Սա խայտառակություն է. Պետք չի կասկածել Փաշինյանին, նա ոչ Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ էլ Սերժ Սարգսյան է՝ անլեզու․․․»

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը․

Կարծում եք՝ հակահեղափոխական վտանգ դեռ կա՞ Հայաստանում։

Շատ մեծ վտանգ կա, ու խնդիրն այստեղ Մանվելին տանել-բերելը չէ։ Հայաստանում դեռ կան փաստաբաններ, որոնք բարոյականությունը մի կողմ դրած ասում են, թե նրանք հանցանք չեն գործել։

Սա խայտառակություն է։ Քարոզչամիջոցները ևս ահռելի դիմադրություն են ցույց տալիս իշխանություններին։ Մենք պետք է կարողանանք հեղափոխությունն ու բարեփոխումները առաջ տանել, որ պետականորեն կարողանանք դիմակայել ճնշումներին։

Մենք կուժեղանանք միայն այն դեպքում, երբ մեր երկիրը դառնա ավելի ժողովրդավարական և Արևմուտքի համակրանքը մեր հանդեպ մեծանա։ Սա բանաձև է, եթե դա լինի, հնարավոր կլինի նաև կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա մեզ օդ ու ջրի պես պետք է։

Տեսեք, մենք Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք, և Թուրքիայի հետ հարաբերություններում հարցեր լուծելու համար դիմում ենք կամ Մոսկվային, կամ Թբիլիսիին, նրանք էլ խոսքը փոխանցում են իրենց շահերին համապատասխան։

Եթե ուղիղ կապ լիներ, իրար ավելի ճիշտ կհասկանայինք։ Այսինքն միջնորդի դերը շատ մեծ է, դրա համար Ալիևի հետ ուղիղ կապը շատ կարևոր է։ Պետք չի կասկածել Փաշինյանին, նա ոչ Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ Ռոբերտ Քոչարյան է, ոչ էլ Սերժ Սարգսյան է՝ անլեզու։

Ինքը միշտ պետք է հիշի, որ հեղափոխության առաջնորդն է, ու դրա համեմատ վարչապետի պաշտոնը հեչ բան է։ Ինքն էդքանը հասկանում է և չի կարող անտեսել ողջ հայության կարծիքը։

Պարոն Շիրինյան, Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց, որ Դավոսի կազմակերպիչներն էին հանդիպումը նախաձեռնել, նաև ասաց, որ 1,5 ժամվա ընթացքում բանակցությունների պատմությունն են քննարկել։ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք և ոտքի վրա այդ հանդիպումները որքանով են արդյունավետ ու կարևոր։

Ակնհայտ է, որ ճնշումը մեծ է համաշխարհային հանրություն կոչվածից, և արևելյան ու արևմտյան պետությունների կողմից, բայց դա էական նշանակություն չունի, քանի որ միջազգային իրադրության մեջ մեծ փոփոխություն չկա, որ կտրուկ շրջադարձեր լինեն։

Ուղղակի ծանոթացման կարգով երկու կողմերն իրար շոշափում են։ Դե Ալիևը հին ավազակ է, մերն էլ միամիտ չէ։ Հիմա Փաշինյանին չհավատալու հիմք չունենք։

Մենք սովոր ենք, որ մեր ղեկավարները մեզ խաբում են, ու այդ իներցիայով ենք շարժվում։ Ես առանձնապես դավադրություն այստեղ չեմ տեսնում։ Չմոռանանք, որ ողջ հայությունն օժանդակել է Փաշինյանին, և եթե ուզի էլ՝ չի կարող զիջումների գնալ, թեև չեմ կարծում, որ նման բան ուզում է։

Աղբյուրը՝ arm-life.ru