Ցանկության դեպքում սոցապի ծախսերը հնարավոր է կրճատել

«Փաստ» թերթը գրում է. «Կարծիք կա, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծախսերը 1,5 միլիարդով կկարողանար կրճատել, եթե նպաստներն ու կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայփոստի», այլ բանկային ծառայությունների միջոցով:

Ի դեպ, սա համակարգի հսկայական ծախսերը կրճատելուն ուղղված միակ հնարավորությունը չէ, բայց այս պահին անդրադառնանք ընդամենը այս խնդրին: Կարծիք կա նաև, որ միայնակ թոշակառուները, որոնք նորությունների հետ կա՛մ դժվար են հաշտվում, կա՛մ ընդհանրապես չեն հաշտվում, կարող են նման դեպքում դիսկոմֆորտի զգացում ունենալ: Նրանք, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ, դրա պատճառով չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք գումարը:

Անշուշտ, այլ մտավախություններ նույնպես կարող են լինել, սակայն այս պահին ներկայացնենք, թե իրականում կենսաթոշակառուներն ինչ եղանակով են նախընտրում իրենց գումարները ստանալ: Եվ ընդհանրապես, անցած տարիների համեմատ արդյո՞ք աճում է բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թիվը:

Սոցիալական ապահովության ծառայության կողմից «Փաստ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2016 թվականին անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվն ընդհանուր առմամբ ավելի քիչ է եղել, քան կանխիկ եղանակով ստանալ նախընտրողների թիվը: Եվ այսպես: 2016-ի արդյունքների համաձայն, կենսաթոշակը բանկային փոխանցումով ստանալ նախընտրողների ցուցանիշներով առաջատարը Շիրակի մարզն է եղել:

Այն կազմել է 53,2 %, իսկ ամենացածր ցուցանիշը Արմավիրի մարզին է բաժին ընկել՝ 27,4%: Երևանն ու Լոռու մարզը թեև չեն հասցրել հատել 50 %-ի շեմը, բայց ակտիվության ցուցանիշներով համապատասխանաբար երկրորդ և երրորդ դիրքերն են զբաղեցրել:

Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայքի և Սյունիքի մարզերի կենսաթոշակառուների ընդամենը 32-36 % է նախընտրել 2016–ին բանկային ծառայություններից օգտվել, իսկ Կոտայքի մարզի կենսաթոշակառուների ցուցանիշը կազմել է մոտ 38,7 %: 2017 թվականի արդյունքներով հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով բանկային համակարգից օգտվողների թիվն աճել է:

Ամենաքիչը, սակայն, ավելացել է Երևանի բանկերից օգտվողների թիվը՝ հասնելով 45,9 %-ի: Անցյալ՝ 2018 թ. ցուցանիշների համաձայն բանկերի միջոցով կենսաթոշակ ստացողների թիվը կրկին աճել է 3-5%-ով:

Սա խոսում է այն մասին, որ գնալով բանկերի ծառայություններից օգտվելն ավելի գրավիչ է դառնում կենսաթոշակառուների համար, թեկուզ ոչ մեծ ծավալներով: Ուշագրավ մեկ փաստ ևս: Երեք տարիների ցուցանիշների համաձայն, բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թվով առաջատարը շարունակում է Շիրակի մարզը մնալ:

2018–ի տվյալներով, այն կազմել է մոտ 60 %, իսկ Երևանն անցած երեք տարիներին թեև չի հատել 50%–ի շեմը, բայց այս պահին բավականին մոտեցել է այդ ցուցանիշին՝ հասնելով 49,7 %–ի: Պնդումները, թե տարեցների համար, այնուամենայնիվ, դժվար է ինքնուրույն բանկոմատներից գումար ստանալը, ճիշտ է, քանի որ իսկապես ոչ բոլորն են կարողանում այդ ապարատների «ծառայություններից» օգտվել:

Առավել ևս, որ տարեցներից շատերը նաև տեսողության և արագ կողմնորոշվելու խնդիրներ ևս ունեն: Բայց պետական գումարներն ավելի արդյունավետ ծախսելու տեսակետից, պետք է նման հարցերին նույնպես ուշադրություն դարձնել:

Ինչ վերաբերում է այն միայնակ ծերերին կամ նրանց, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ, ապա նրանց համար էլ կարելի է այլ՝ ավելի քիչ ծախսատար լուծումներ գտնել: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարող է համակարգն իր ներքին ծախսերը կրճատելու և համակարգի օպտիմալացման շնորհիվ խնայողություններ անել, որը սոցապի դեպքում միակ հնարավորությունը չէ: Եվ կառույցը, լինելով ամենաբազմաշերտն ու ամենածախսատարը, օր առաջ պետք է մտածի ոչ միայն գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը 21-րդ դարին համահունչ դարձնելու, այլ եղած գումարներն ավելի ճիշտ և արդյունավետ ծախսելու մասին:

Հակառակ դեպքում այս համակարգը կշարունակի մնալ ոչ միայն պետական բյուջե կոչվող տորթից ամենամեծ կտորը տանող կառույցներից մեկը, այլ ամենաթույլ ու դանդաղ զարգացող գերատեսչությունը: Իսկ դանդաղ զարգացող ցանկացած կառույցի պատճառով տարիներով կուտակված խնդիրները սովորաբար ոչ թե լուծվում են, այլ հների վրա նորերն ավելանալով՝ շարունակում են աքիլլեսյան գարշապարը մեծացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: