Իներցիա՞, թե՞ կոռուպցիա, էվոլյուցիա՞, թե՞ ռևոլյուցիա

Մարզպետների տված պարգևավճարների սկանդալային թեմայի շուրջ իշխանության վերնախավում ամենաանկեղծ գնահատականը տվել է խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը։ Նա ասել է, որ մարզպետներն իներցիայով են պարգևատրումներ արել։

Լենա Նազարյանը թերևս ակամայից անդրադարձել է շատ ավելի խորքային երևույթի՝ քննարկումների դաշտ բացելով անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արժևորման, գնահատման համատեքստում։

Հեղափոխությունները ստանդարտ իրադարձություններից, օրինակ՝ ընտրություններից, տարբերվում են հենց նրանով, որ կոտրում են իներցիան, այլ խոսքով՝ արձանագրում են, որ էվոլյուցիոն զարգացման հնարավորություններն ու ռեսուրսները սպառված են։ Հիմա՝ հեղափոխության հաղթանակից ինն ամիս հետո, Լենա Նազարյանն ըստ էության ասում է՝ իրենց կողմից նշանակված մարզպետները գործել են իներցիայով։

Խորհրդարանի փոխնախագահը մարզպետների վրայից հանում է պատասխանատվությունն ու ըստ էության խոստովանում, որ տեղի ունեցածի պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, որը անցած ամիսների ընթացքում չի կարողացել ձևավորել նոր համակարգ՝ իր կադրերին նետելով հին համակարգի ու մտածողության երախը։

Հեռացված համակարգը քրեաօլիգարխիկ էր, կոռուպցիոն, ու եթե անցած տարվա վերջին «քայլող» մարզպետներն առաջնորդվել են իներցիայով, ըստ էության հավատարիմ են մնացել հին համակարգի արատներին։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չի կարելի համարել, կամ՝ եթե նույնիսկ այն հեղափոխություն է, ապա դրա արժեքներն ամենևին էլ կապիտալիզացված չեն։ Խոսքը՝ կապիտալիզացիայի ֆորմալ կողմի մասին չէ, երբ մեր հասարակությունն ակտիվորեն մասնակցեց խորհրդարանական ընտրություններին ու իր քվեն տվեց «Իմ քայլը» դաշինքին։ Սա հեղափոխության քաղաքական արձանագրումն էր, որը դեռ չի նշանակում, թե հեղափոխությունը վերջնականապես հաղթանակել է, կամ նոր Հայաստանն այլևս ունի բովանդակություն։

Իսկապես, մի պահ վերանանք էմոցիաներից ու հասկանանք, թե որն է նոր Հայաստանի բովանդակությունը։ Օրինական ընտրություններն ու չթալանելը բովանդակություն չեն՝ դրանք սահմանադրական իմպերատիվ են, որոնք անտեսվել են նախկին իշխանությունների կողմից ու գոնե առայժմ պահպանվում են հեղափոխության թիմի կողմից։ Սակայն ընտրության որակի մասին կարելի է գնահատական տալ շատ ավելի ուշ, երբ քաղաքացին իրական ընտրության հնարավորություն կունենա։ Դեկտեմբերի 9-ի ընտրություններն անթերի են եղել ընթացակարգային հարթության վրա, սակայն բովանդակային ընտրություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, որովհետև հեղափոխության ու հակահեղափոխության միջև ընտրություն չի լինում։

Նույնը վերաբերում է թալանին ու կոռուպցիային։ Հիմա պաշտոնյաները չեն թալանում, որովհետև դեռ շատ ուժեղ է հրապարակի ազդեցությունը, սակայն պարգևավճարների տխուր պատմությունը ցույց տվեց, որ նորերի մոտ նույնպես գործում է հայկական «շուստրիությունը», որը թույլ է տալիս պետությունից «քերել», եթե դրա հնարավորությունը կա։ Դա մի օր կբերի կոռուպցիայի, եթե ավելի արդյունավետ համակարգ չստեղծվի։

Կարճ ասած՝ կարող ենք անգամ մարզպետներին գնդակահարել, չխնայել, կառափնարան տանել, բայց իներցիան, կոռուպցիոն ռիսկեր ծնող իներցիան շարունակվելու է, եթե նոր համակարգ չի ստեղծվել։ Շարունակվելու է նաև «էվոլյուցիա-ռևոլյուցիա» վեճը, որովհետև «Մերժենք Սերժին»-ը գնալով նույնանում է ոչ թե արատավոր համակարգի մերժման մտածված, գիտակցված գործողության, այլ կոնկրետ անձից, բայց ոչ համակարգից ազատվելու ակտի հետ։

Կարճ ասած՝ «նոր Հայաստանը» դեռ կարգախոս կամ բաժակաճառ է, քանի դեռ չունենք նոր համակարգ ու շարունակում է գործել նախկինի իներցիան։

Աղբյուրը՝ 1in.am