Առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը կբերվի ԱԺ, իսկ մինչ այդ այն դեռ ինտենսիվ քննարկումների փուլում է: Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ քաղաքացիների հետ խոսեց կառավարության կառուցվածքային փոփոխություններից, սակայն շրջանցեց հարցը՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը շարունակելո՞ւ են գործել խորհրդարանական վերահսկողությունից դուրս։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ լրջագույն քաղաքական սխալ կհամարի ԱԱԾ-ին ու ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալը.«Մեր ինստիտուցիոնալ ձեռքբերումներից մեկը նաև այս կառույցները ապաքաղաքականացնելն էր և նախարարության կարգավիճակից զրկելը։ Ինչո՞ւ իշխանությունը չի գնում սուպերվարչապետական համակարգը փոխելու ճանապարհով, ինչի մասին խոստանում ու խոսում էր ամիսներ շարունակ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ եթե ժամանակին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը սուպերվարչապետության հետ կապված խիստ քննադատության չենթարկեին Սերժ Սարգսյանին, որ վերջինս ստեղծում է այնպիսի համակարգ, որ ոստիկանությունը և ուժային կառույցները գտնվում են իր վերահսկողության տակ, հիմա հասարակության առաջ ստիպված չէին լինի արդարանալու.«Հասարակությունը շատ լավ հիշում է, թե պարոն Փաշինյանն ու իր թիմակիցներն ինչպիսի քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին։ Եվ ես էլ ամբողջությամբ կողմ եմ եղել նրանց այդ քննադատությանը, որովհետև մենք, պառլամենտանախագահական համակարգից անցնելով պառլամենտական համակարգի, իրականում անցանք մեկ անձի սուպերկառավարման, որը իր շատ մեծ բացասական հետևանքները կարող է ունենալ, որովհետև շատ մեծ իշխանություն մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելն ապագայում կբերի բռնապետության և մենիշխանության ամրապնդմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի և ոստիկանության՝ վարչապետի վերահսկողության ներքո մնալուն, ապա, ըստ Գագիկ Համբարյանի, եթե ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայության տալ մնալը որոշ չափով ընդունելի է, քանի որ մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ մի շարք խնդիրներ ունի հարևան երկրների հետ, ոստիկանության՝ վարչապետի ենթակայության տակ լինելն անընդունելի է, քանի որ ավելի ժողովրդավար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը հիշեր՝ ինչ էր ասում թավշյա հեղափոխության ժամանակ ոստիկանության մասին. «Նա ասում էր՝ ոստիկանը ևս մերն է։
Այսինքն՝ մերը ասելով նկատի ունի այն, որ ոստիկանն էլ ժողովրդի մաս է կազմում, այսինքն՝ ոստիկանը նույնպես ՔՊ-ական է։ Եվ շատ լավ կլինի, որ գոնե ոստիկանությունը վերահսկվի ոչ միայն վարչապետի, այլ նաև խորհրդարանի կողմից»,-ասաց նա։
Իսկ թե ինչու է իշխանությունը հապաղում այս փոփոխություններն իրականացնելու հարցում, քաղաքագետը նշեց, որ մի քանի վարկած կարելի է առաջ քաշել։ Առաջինն այն է, որ պարոն Փաշինյանը թերահավատորեն է վերաբերվում իր կուսակցության ամուր դիրքերին և դա ունի իր պատճառները։ Ըստ նրա՝ ավագանու և խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը թեև փայլուն հաղթանակ տարավ, բայց միևնույն ժամանակ արձանագրվեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշային կորուստ է տեղի ունեցել, քանի որ Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը 82տոկոս ձայն էր հավաքել, ապա ԱԺ ընտրություններին նույն Երևանում և հանրապետության կտրվածքով 70 տոկոսից ոչ ավելի։
«Եվ պարոն Փաշինյանը երևի թե չի վստահում իր շուրջ հավաքված որոշ ուժերի, որոնք հիմա բարձր պաշտոններ են ստացել, որովհետև ժամանակին քայլել են իր կողքով և ուժային կառույցները ամբողջությամբ իր ենթակայության տակ պահելով՝ առաջիկա մեկ-երկու տարիներին կփորձի ավելի վերահսկելի դարձնել այդ ուժերին, իսկ իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքում ամրապնդելուց հետո դրա համար մեկ-երկու տարի ժամանակ է անհրաժեշտ, դրանից հետո կփորձի սուպերվարչապետական համակարգը թուլացնել։ Ինչն է պատճառը, որ ԱԺ-ում, ունենալով պարզ մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանը չի վստահում ԱԺ իր թիմին, որ ոստիկանությունը նրանց կողմից վերահսկելի լինի, սա մտորելու տեղիք է տալիս»,-հավելեց քաղաքագետը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունն այսպիսով փորձում է իր դիրքերն ամրացնել, որ ապահովագրի իրեն, իսկ դրա համար պետք է պահպանել ԱԱԾ-ն և ոստիկանությունը վարչապետի ենթակայության տակ. «Մենք այնքան ենք տեսել ոստիկանության բռնություն, որ, իհարկե, ցանկալի չէ, որ այդպես լինի։ Հուսով եմ, որ ավելի ճիշտ ուղիներ կգտնվեն լուծումներ ստանալու համար»։ Նրա խոսքով՝ գուցե երկու տարի հետո ինչ-որ բան կփոխեն։ Իրավապաշտպանը նկատեց, որ իշխանությունը, եթե ոստիկանությանը օգտագործի այնպես, ինչպես օգտագործել է նախորդ իշխանությունը, շատ բան կկորցնի։
Աղբյուրը՝ 1in.am