Հրապարակված հայտարարության լավատեսությունը, ըստ Աշոտյանի, տարակուսանք է առաջացնում։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մտահոգել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարությունները։ Նա Հայաստանի վարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնակատարից պահանջում է իր մտահոգությունների փարատում։
«Շուրջ 4 ժամ տևած բանակցություններն ավարտվել են մի տեքստով, որն ակնհայտորեն փոխհամաձայնեցված է երկու երկրների միջեւ, գրեթե նույնական արտգործնախարարությունների կայքերում և անհասկանալիորեն լավատեսական է։
Հայաստանի վարչապետից և ԱԳ նախարարից անհապաղ պահանջում եմ հետևյալ հարցերի պատասխանը՝
1. Հակամարտության կարգավորման ի՞նչ սկզբունքների շուրջ է տեղի ունեցել տվյալ հանդիպումը։
2. Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։
3. Ադրբեջանի կողմից ինչպիսի՞ փոխզիջումների մասին է խոսք գնացել հանդիպման ընթացքում։
4. Քննարկվե՞լ է արդյոք Նիկոլ Փաշինյանի խոստումը Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին եւ ի՞նչ արդյունքով։
5. Անդրադարձ կատարվե՞լ է արդյոք Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածություններին»,–հարց է բարձրացնում Աշոտյանը։
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 16–ին Փարիզում կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։
Հանդիպման ավարտին հրապարակվել է հայտարարություն, որի մեջ մասնավորապես ասված է, որ «Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, կապված արցախյան հակամարտության կարգավորման հետ, և պայմանավորվածություն ձեռք բերել բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։