Առաջին լուրջ ահազանգը Փաշինյանի համար՝ խորհրդարանից

Չնայած «Լուսավոր Հայաստանը» 18 մանդատ ունի, խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար առաջադրված Մանե Թանդիլյանի օգտին 19 պատգամավոր էր քվեարկել: Քվեարկությունը փակ և գաղտնի է, ուստի մնում է վստահաբար ենթադրել՝ այդ միակ պատգամավորը կարող էր լինել իշխանական «Իմ քայլից»։ Առաջին հայացքից՝ իրադարձությունն աննշան է ու հատուկ վերլուծության կարիք չունի, սակայն այդպես է միայն խնդրի մակերեսային ընկալման տեսանկյունից։

Իրականում՝ Նիկոլ Փաշինյանի ձևավորած մեծամասնության ու ՀՀԿ-ի ընդհանրությունները նրանք չեն, որոնք այսօրվա լայվով համոզիչ կերպով հերքել է Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս կուսակցության ու ՀՀԿ-ի հիմնական ընդհանրությունը դրանց անձնակենտրոն բնույթն է։ Այս իմաստով՝ հեղափոխությունը որակապես նոր իրավիճակ չի ստեղծել, այլ խոսքով՝ իշխանության համակարգը շարունակում է գործել մեկ անձի առանցքով։

Կասկածից վեր է, որ ինչպես նախահեղափոխական Հայաստանում ՀՀԿ խմբակցությունն էր պարտաճանաչ կատարում Սերժ Սարգսյանի բոլոր հանձնարարությունները, այնպես էլ հիմա՝ «Իմ քայլ» խմբակցությունն է անվերապահորեն կատարում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները։

Նույնիսկ նույն մոտեցումն է ընկած երկու կառավարող մեծամասնությունների ղեկավարների ընտրության հարցում։ Վահրամ Բաղդասարյանը օժտված չէր խարիզմատիկ գործչի հատկանիշներով․ Սերժ Սարգսյանին հենց այդպիսի խմբակցության ղեկավար էր պետք, որն ընդամենը պարտաճանաչորեն պետք է կատարեր իր հանձնարարությունները, այլ խոսքով՝ լիներ տեղապահ։

Նույն տրամաբանությամբ Լիլիթ Մակունցն ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ Մակունցը հնարավոր բոլոր թեկնածուների մեջ թերևս ամենակառավարելին է՝ չունենալով անգամ նվազագույն ինքնուրույնություն։

Մյուս կողմից՝ չմոռանանք, որ խորհրդարանի աշխատանքների մեկնարկից մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր եկել խորհրդարան՝ իր խմբակցության հետ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը քննարկելու համար։ Այսինքն՝ վարչապետի համար խիստ սկզբունքային է եղել, որ այս հարցում թիմն ունենա կոնսոլիդացված, միասնական որոշում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական այցից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի քանի առանցքային գործիչներ չէին թաքցրել, որ պատրաստ են քվեարկել Մանե Թանդիլյանի օգտին։

Անցած ուրբաթ Փաշինյանը խորհրդարան էր եկել՝ հենց խորհրդարանական մեծամասնության շարքերում եղած «խռովությունը» ճշելու նպատակով։

Իր «առաքելության» իրականացման մեջ վարչապետը փաստորեն ձախողվել է, որովհետև հենց առաջին սկզբունքային քվերակության ժամանակ «Իմ քայլ»-ում հայտնաբերվել է մեկ «դիսիդենտ»։ Այս հանգամանքը նկատի ունենք, երբ անընդհատ կրկնում ենք, որ խորհրդարանական այսօրվա մեծամասնությունը քաղաքական առումով ամորֆ է ու գրեթե անհնար է խոսել միասնական թիմի մասին։

Խորհրդարանական մեծամասնության 88 պատգամավորներին չեն միավորում քաղաքական միասնական օրակարգը, արժեքային համակարգը, նույնիսկ՝ հեղափոխության իդեալները։ Նրանց ցեմենտող միակ գործոնը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ավելի ստույգ՝ նրա բարձր վարկանիշի շնորհիվ պատգամավոր դառնալու փաստը։

Եթե անգամ այսօրվա բարձր ժողովրդականության պարագայում՝ խորհրդարանական մեծամասնության մեկ ներկայացուցիչ ընդդիմանում է Նիկոլ Փաշինյանին, ապա կարելի է ենթադրել, թե ինչ տեղի կունենա այն պարագայում, երբ վարչապետի վարկանիշն անկում ապրի, կամ՝ փողոցում նոր ընդդիմադիր շարժում ծավալվի։

Ըստ այդմ՝ Մանե Թանդիլյանի ստացած 19 ձայնն ոչ այնքան նրան պետք է վշտացնի, այլ՝ Նիկոլ Փաշինյանին, որը խորհրդարանում մեկ ձայնի կորուստ ունեցավ ԱԺ գործունեության արդեն երկրորդ օրը։ Սա առաջին լուրջ ահազանգն էր Փաշինյանի համար՝ խորհրդարանից։

Աղբյուրը՝ 1in.am