Չե՞ք լսել, դիմեք Արարատ Միրզոյանին. երեխաների օրգանների վաճառքի թեման հասավ

Առողջապահության հանձնաժողովի նախագահը երեխաների օրգանների վաճառքի մասին չի լսել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց  պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը:

Նրա ելույթից հետ պատգամավորները հարցեր ուղղեցին Զեյնալյանին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարցրեց, թե արդյոք  հետաքրքրվել է երեխաների օրգանների վաճառքի հետ կապված հարցով ու դիմել իրավապահ մարմիններին։ Թանդիլյանի հարցին ի պատասխան՝ Նարեկ Զեյնալյանը խոստովանեց. «Օրգանների վաճառքի մասին առաջին անգամ եմ լսում, եթե կա նման խնդիր, ապա պետք է դիմել իրավապահ մարմիններին, այս մասին ինֆորմացիա չունեմ»։

Ի պատասխան պատգամավորը խորհուրդ տվեց դիմել ավելի փորձառու կուսակցին:

«Եթե երեխաների օրգանների վաճառքի մասին առաջին անգամ եք լսում, կարող եք դիմել Արարատ Միրզոյանին։ Վատ է, որ պաշտոնյաների հայտարարությունների մասին տեղեկանում եք այս դահլիճում»,- երիտասարդ պատգամավորին խրատեց ավագ գործընկերը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց խոսակցությանն ու պարզաբանեց, որ իր խոսքը վերաբերել է այդ ոլորտում միջազգային մաֆիային և այդ մաֆիայից խուսափելու համար ՀՀ-ի ջանքների ներդրմանը։

Հիշեցնենք, հունվարի 9-ին Աժ նիստի ընթացքում, երեխաների որդեգրման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դեռևս փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեխաներին որդեգրում են նրանց օրգանները վաճառելու նպատակով: Իսկ երբ հայտարարությունն անհանգստացրեց կառավարության անդամներին ու վարչապետին, Միրզոյանը հավելեց՝ ըստ օդում կախված լուրերի:

ԱԱԾ պետն էլ հայտարարեց, որ Հայաստանում նման դեպք երբեք չի եղել:

Աղբյուրը՝ armeniasputnik.am