Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

Խորհրդարանական աշխատանքում ձևավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարևորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:

Երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարևորել խորհրդարանում ձևավորված դրական ավանդույթների շարունակականության ապահովումը, նորերի ձևավորումն ու զարգացումը:

Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաև Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին:

Աղբյուրը՝ 1in.am