Ինձ օլիգարխ չեմ համարում, սպեցիֆիկ ոլորտի գործարար եմ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյան

«Իմ քայլ»-ը դաշինքի պատգամավոր Տիգրան Կարապետյանը չի հերքում, որ ինքը գործարար է եղել, սակայն նկատում է, որ բավականին առանձնահատուկ ոլորտով է զբաղվել։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը զբաղվել է ռազմարդյունաբերական ոլորտով։

«Մենք այսօր խնդիր ունենք մեր ռազմարդյունաբերության ոլորտը զարգացնելու, և օրենսդիր դառնալու իմ հիմնական պատճառներից մեկը սա է»,- ասաց նա։

Կարապետյանի կարծիքով՝ նոր Հայաստանում՝ նոր իրողություններով պայմանավորված, ստեղծվել է պատմական հնարավորություն  ՀՀ-ում զարգացնել ռազմարդյունաբերական ոլորտը. « Այս ոլորտը ոչ միայն բիզնես է, այլ երկրի ինքնիշխանության ամրապնդման կարևոր բաղադրիչներից մեկն է»,- շարունակեց Կարապետյանը։

Հարցին, որ նա հայտարարագրել է 106 մլն դրամ, 200 հազար ԱՄՆ դոլար, ինչպես նաև «Գորիս Գամմա» ընկերության 10 տոկոսը նրանն է, ինչո՞ւ եկավ քաղաքականություն, մտավախություն չկա, որ իրեն էլ օրիգարխ կասեն, Կարապետյանը պատասխանեց. «Ռազմարդյունաբերությունը խիստ սպեցիֆիկ ոլորտ է, ցավոք, վերջին տասնամյակներում մենք չկարողացանք այս ոլորտը ձևավորել։ Պետք լինի մարդկանց խումբ, որոնք հետևողական կաշխատեն, ես այդ մարդկանցից մեկն եմ, քանի որ ոչ միայն զբաղվել եմ գործարարությամբ, այլև բարձրաձայնել եմ խնդիրների մասին։ Ասեմ ՝ ինձ չեմ համարում օլիգարխ, մեծ կարողություն չունեմ։ Ինչ վերաբերում է «Գորիս գամմա» ընկերությանը, այո, մեր ընտանիքն արդեն 30 տարի է զբաղվում է։ Կարծում եմ ՝ սա նաև առավելություն է, քանի որ մեր ընտանիքն հաջողվեց փրկել մի ընկերություն, որը նախկին Խորհրդային միությունից ստացած ժառանգություն է»։

Վայոց Ձորի ու Սյունիքի ընտրատարածքում Կարապետյանը 2-րդ ամենաշատ ձայն ստացած ռեյտինգային թեկնածուն էր, բայց վստահեցնում էր, որ գումարով կամ այլ կերպ ընտրողներին չի շահգրգռել։ Նա հիշեցրեց, որ ինքը միշտ ակտիվ է եղել՝ բարձրաձայնելով բազմաթիվ խնդիրներ, «Գորիսը բոլորինս է» շարժման մեջ է եղել, ինչն էլ, ըստ նրա` նպաստել է նրա ճանաչելիությանը։

Դիտարկմանը, որ այսօր Կառավարությունը նախարարություն է ստեղծում, որը առնչվելու է ռազմարդյունաբերությանը, ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այս կառույցի աշխատանքում, Տիգրան Կարապետյանն արձագանքեց. «Այս պահին ակտիվ քննարկումներ են բոլոր շահագրիգիռ կողմերի հետ, փակագծեր չէի ցանկանա բացել, սակայն հաշվի են առնվելու նաև ոլորտային ձեռնարկությունների առաջարկները, անցած ճանապարհը։ Պետք է քննարկենք նաև առկա խոչըդոտները՝ փորձելով նոր կառավարությունում ունենալ մի մարմին, որը վեր կհանի բացթողումները, օրենսդրական նախադրյալներ կստեղծի ոլորտի զարգացման համար»։

Աղբյուրը՝ tert.am