Ընդդիմադիր երկու ուժերը պայքարում են խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնի համար: Պայքարը կշարունակվի վաղը:
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության շուրջ կրքերն այսօր` նորընտիր խորհրդարանում բորբոքվեցին թեկնածուներ առաջադրած «Լուսավոր Հայաստան»-ի ու «Բարգավաճ Հայաստանի» միջև: Հատկապես թեժ էին ընդդիմադիր խմբակցությունների` միմյանց թեկնածուներին ուղղված հարցերը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կարող է նա խոսել պատգամավորական էթիկայի և պատգամավորական համերաշխության մասին, երբ ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստանը» նույնիսկ չի շնորհավորել իրենց կուսակցությանը:
Մանե Թանդիլյանը ներողություն խնդրեց այդ վրիպակի համար և շնորհավորեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներին հենց ԱԺ ամբիոնից։
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ Մանե Թանդիլյանին հիշեցրեց, որ նա իր քաղաքական կարիերան սկսել է «Դեմ եմ» շարժումից, սակայն նախարար ընտրվելուց հետո անգամ Սահմանադրական դատարանում չի վիճարկել կուտակային կենսաթոշակի մասին օրենքը։
ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանին էլ հիշեցրեցին, որ սեպտեմբերի 23-ին ինքը մի քանի ընկերների հետ ներխուժել է մամուլի ակումբ և ընդհատել ասուլիսը։ «Արդյոք Ձեր հասցեին ոչ այնքան ականջահաճո տեքստեր լսելուց հետո կրկին նման միջամտություններ կանեք»,- հարց ուղղեցին Էնֆիաջյանին:
Նա նշեց, որ ստիպված է եղել նման միջամտության գնալ, քանի որ ՀՀ-ում լռության օրը հակաքարոզչություն է իրականացվել։
Այդուհանդերձ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԱԺ փոխխոսնակի հարցում իրենք «Բարգավաճ Հայաստան»-ի հետ որևէ հարց ու խնդիր չունեն։ «Մեր խնդիրն իրենց հետ է, իրենք են որոշելու տիկին Թանդիլյանը կլինի՞ փոխխոսնակ, թե՞ ոչ․ պատասխանատվությունն իրենց վրա է»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով խորհրդարանական մեծամասնությանը։ Մարուքյանի այս հայտարարությունը դուր չեկավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը տեղից արձագանքեց և պահանջեց քաղաքական մեծամասնության մասին հարգանքով խոսել։
«Պարոն Միքայելյան, խնդրում եմ տեղից մյուս անգամ չմիջամտեք, եթե ուզում եք խոսք ասել, գրանցվեք։ Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ չմիջամտեք»,- Միքայելյանին ասաց Մարուքյանը:
Քաղաքական մեծամասնությանը ստեղծված իրավիճակի համար մեղադրեց նաև ԼՀԿ անդամ Գևորգ Գորգիսյանը: «Ցախավել էլ լինի ընտրվելու է: Ով ուզում է ընտրվի, կարևորը, որ լինի ընդդիմությունից: Սա ճիշտ քաղաքական մոտեցում չէ»,- ակնարկելով մեծամասնության դիրքորոշումը` հայտարարեց Գորգիսյանը և միաժամանակ նոր խորհրդարան եկած նորընտիր պատգամավորներին հիշեցրեց, որ սա հենց այն առաջին փորձությունն է, որով քաղաքական գործիչ պատգամավորը պետք է տարբերվի կոճակ սեղմող կամակատարից:
Թե քաղաքական, որ ուժին ի վերջո բաժին կհասնի ԱԺ փոխնախագահի վիճելի աթոռը, պարզ կդառնա վաղվա նիստում, երբ թեկնածությունները կդրվեն քվեարկության: Բայց մինչ այդ այս հարցի շուրջ ելույթ կունենան ու խմբակցությունների տեսակետները կհայտարարեն բոլոր 3 ուժերի ղեկավարները: Իսկ այսօրվա նիստն այսքանով ավարտվեց:
7-րդ գումարման խորհրդարանն իր առաջին աշխատանքային օրը հասցրեց ընտրել միայն ԱԺ նախագահ: Փոխնախագահների ու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը տեղափոխվեց վաղվա նիստ:
Նշենք, որ ԱԺ նախագահն, ըստ կանոնակարգի, ունի 3 տեղակալ, որից 2-ը քաղաքական մեծամասնության` «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Լենա Նազարյանի ուԱլեն Սիմոնյանի թեկնածությունները:
Հիշեցնենք, այս հարցի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ է կլինի, եթե այդ պաշտոնը ստանա ընտրողների ավելի շատ ձայներ ստացած քաղաքական ուժը, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ն: ԱԺ Կանոնակարգ օրենքը, սակայն, նման կարգավորում չի նախատեսում և ընտրությունը թողնում է խորհրդարանի վրա:
Աղբյուրը՝ armeniasputnik.am