Այսօրվանից սկսվում է հույսերի և խոստումների արդարացման, ամենօրյա աշխատանքի փուլը. Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցում է ՀՀ նորընտիր խորհրդարանի նիստին: Նա իր ելույթում նշեց այն առաջնահերթությունները, որոնք պետք է դրվեն նոր խորհրդարանի աշխատանքում:

Պատմություն դարձած 2018թ.-ը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, շնորհավորելով նորընտիր խորհրդարանականներին, ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«2018-ը մեր ժողովրդի լավագույն հատկանիշների՝ միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական որակների դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են մասնակցած բոլոր քաղաքական ուժերի ու միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովին»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը և սկսվում հաջորդ՝ հույսերի և խոստումների արդարացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:

«Դուք ստացել եք լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները՝ կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին»,- դիմելով պատգամավորներին, ասաց Արմեն Սարգսյանը:

Իսկ նոր Հայաստան կառուցելու համար, նրա խոսքով, դեռ բազում և լուրջ բարեփոխումների կարիք կա, որոնք պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում:

«Առաջնային հարց է մնում ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր անձի բարեկեցիկ և արժանավայել կյանքի երաշխավորումը: Ներկայումս, թե իրավական հարթության վրա, թե գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ:

Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքներն ու ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության բաղկացուցիչ կարևորագույն մասը: Հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործողությունների հիմքում: Աշխարհը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի` լի մարտահրավերներով»,- ասաց նա:

Հայաստանն այս իրավիճակում լուրջ անելիքներ ունի այդ աշխարհում իր դիրքը գրավելու ու ունեցածը չկորցնելու համար: Իսկ նոր խորհրդարանը պետք է ձգտի նպաստել 21–րդ դարի մարտահրավերներին պատրաստ քաղաքացու ձևավորմանը, ԼՂ խնդրի կարգավորմանը, ԵՄ և ԵԱՏՄ հետ հարաբերությունների խորացմանը, հարևանների, բարեկամների ու գործընկերների հետ ավելի խորը հարաբերությունների զարգացմանը և Հայաստանի՝ որպես հուսալի գործընկեր կայացմանը»,–իր խոսքում նշեց Արմեն Սարգսյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am