Պատմական օրվա սովորականությունը

Այսօր կկայանա յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի՝ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված՝ Հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, Մշտական հանձնաժողովների ստեղծում, Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ։

Կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը կքննարկի նաև Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծն ու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։

Սկզբունքորեն նույն այս օրակարգը Երրորդ հանրապետության բոլոր վեց նախկին խորհրդարանները քննարկել են իրենց առաջին նստաշրջաններում, այլ խոսքով՝ գործ ունենք ընթացակարգային օրակարգի հետ, որը ենթադրում է խորհրդարանի ղեկավարության ձևավորում։ Սակայն յոթերորդ գումարման ԱԺ-ն տարբերվում է նախորդներից առնվազն երկու հանգամանքներով, որոնք, ըստ ամենայնի, պատմական պետք է դարձնեին այսօրվա ամսաթիվը։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը ձևավորվել է արտահերթ ընտրությունների միջոցով, ընդ որում՝ դառնալով հեղափոխության հաղթանակի ավարտական ակորդը։ Այլ խոսքով՝ այսօր հեղափոխական խորհրդարանի առաջին նիստն է, ոը եզրափակում է պատմական ցիկլի ավարտ՝ ազդարարելով նորի մեկնարկը։

Խորհրդարանի ղեկավարության ձևավորմամբ ու նոր վարչապետի նշանակմամբ ավարտվում է հեղափոխության, այսպես կոչված, փողոցային փուլը, որի մեկնարկը տրվել է անցած տարվա մարտի 31-ին, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլերթը Գյումրի քաղաքից։

Այսօրվա խորհրդարանը հենց այդ հեղափոխության հայելային դրսևորումն է, սակայն նաև դրա, այսպես ասած, հախուռն փուլի խորհրդանշական ավարտի ինստիտուցիոնալ դրսևորումը։

Հենց այստեղ էլ երևան են գալիս հարցեր, որոնց պատասխանները տակավին չունեն փորձագետները ու նույնիսկ հասարակությունը, որը վստահության ուժեղ մանդատով օժտել է յոթերորդ գումարման ԱԺ-ին։ Լեգիտիմության առումով նոր խորհրդարանը որևէ խնդիր չունի, ու թերևս դեկտեմբերի 9-ի ընտրությունները լավագույններից մեկն են, որոնք անցկացվել են Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Մյուս կողմից՝ այսօրվա խորհրդարանը չափազանց թույլ է քաղաքական հարթության վրա։ Նոր ԱԺ-ում ընդդիմության ներկայությունը չափազանց համեստ է, շատ դեպքերում՝ դեկորատիվ, ու խորհրդարանական մեծամասնությունը կարող է անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել առանց դիմադրության հանդիպելու։

Հետհեղափոխական իրավիճակներում նման պատկերը գուցե արտառոց չէ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ խորհրդարանական նոր մեծամասնության ձևավորման հիմքում ոչ թե քաղաքական մոտիվները կամ ծրագիրն են, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի գործոնը։ Այսինքն՝ քաղաքական տեսանկյունից խորհրդարանական նոր մեծամասնությունը նույնքան ամորֆ է, որքան հեղափոխական հարթակը։

Այս հանգամանքը ստվերում է այսօրվա պատմականությունը։ Խորհրդարանական Հայաստանում մենք չենք ունենալու ԱԺ, որը լինելու է իշխանության կենտրոնը, իսկ սա վաղ թե ուշ ծնելու է սահմանադրական, ինստիտուցիոնալ ճգնաժամի ռիսկեր, էլ չենք ասում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բնական անկումը բերելու է իշխանության՝ առհասարակ և խորհրդարանի՝ մասնավորապես ապալեգիտիմությանը։ Եթե սրան հավելենք հեղափոխության թիմի անսխալականության բարդույթը, ապա օրվա պատմականության մասին դատողությունները շատ ավելի հարաբերական կդառնան։

Ինչևէ, նոր խորհրդարանը քաղաքական կյանքի նոր մեկնարկ է, ինչը, հուսանք, զարգացման նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար։

Աղբյուրը՝ 1in.am