Քոչարյանի և Սարգսյանի մոդելը, որը դարձավ Փաշինյանինը

ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել․ այս կարծիքն է օրեր առաջ հայտնել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրոզոյանը, ով 2018 թվականի մարտին, երբ ՀՀԿ-ն էր նման նախագիծ բերել, դեմ էր, որպեսզի ուժային կառույցները ենթարկվեն անմիջապես վարչապետին և ոչ թե կառավարությանը կամ խորհրդարանին:

Խնդիրն իրականում բազմաշերտ է ու ունի խիստ սկզբունքային նշանակություն։

Իշխանավարման երկարաձգման խնդիր ունեցող Սերժ Սարգսյանն անցած տարվա սկզբին իրեն սպասարկող մեծամասնության միջոցով, ըստ էության, խմբագրեց խորհրդարանական համակարգը՝ ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելով սուպերվարրչապետական համակարգի կամ անձնակենտրոն իշխանություն ստեղծելու համար։ Մեկ տարի առաջ ավտորիտարիզմի այդ նկրտումներին հակադրվում էր «Ելք» խմբակցությունը, որի սահմանափակ ներկայությունն անցած խորհրդարանում թույլ չտվեց կանխել կառավարության ներկայացրած օրինագծերի ընդունումը։

Հեղափոխությունը չվերացրեց անձնակենտրոն իշխանության մշակույթը։ Այսօր ամբողջ իշխանությունը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։ Իհարկե, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը ստացել է հասարակության վստահության մանդատը, սակայն պահպանվում են անձնակենտրոն իշխանության ձևավորման ինստիտուցիոնալ հիմքերը, ինչը ենթադրում է, որ հեղափոխական իշխանության կամ վարչապետի վարկանիշի բնական անկումից հետո մեծանալու է ուժային կառույցների միջոցով իշխանությունն ամրապնդելու գայթակղությունը։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչները մեր մտահոգությունները հերքելու են՝ հրապարակավ հավաստիացնելով, որ իրենց քաղաքականությունը միտված է դեմոկրատիայի հաստատմանը։ Նիկոլ Փաշինյանի թիմն, անշուշտ, բերելու է այն փաստարկը, որ կարճ ժամանակում երկրում վերականգնել է ընտրական ինստիտուտների գործունեությունը։ Սա, իհարկե, իրականություն է, մյուս կողմից՝ մենք տակավին չգիտենք, թե ինչպիսի իրավիճակ կլինի, եթե իշխանությունը կորցնի հասարակության վստահությունը, կամ՝ ծայրահեղ դեպքում, իր վարկանիշի մի մասը։

Ավելին, ուզում ենք հիշեցնել, որ նույնիսկ իր ժողովրդականության պիկին Նիկոլ Փաշինյանը չզլացավ ԱԱԾ կամ ոստիկանության ներուժը քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից։ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա դաշինքի առաջնորդի կարգավիճակում հանրահավաքային հարթակից ԱԱԾ-ին ու ոստիկանությանը տվեց «ասֆալտին պառկեցնելու» հայտնի հրամանը՝ ընտրական կամպանիայի ընթացքն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով։

Մյուս կողմից՝ հեղափոխության հիմնական նպատակներից մեկը պետք է լիներ ավտորիտարիզմի վերականգնման ռիսկերի վերացումը։ Եթե կառավարությունը հիմա այդ քայլերը չի իրականացնում և ուժային կառույցները մնում են մեկ մարդու վերահսկողության տակ, ապա մեծ վերապահումով կարելի է խոսել հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի մասին։

Սակայն ամենավտանգավորն այն է, որ հետհեղափոխական Հայաստանում խորհրդարանն, ըստ էության, նույնքան արժեզրկված է, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին։ Արդեն մեկ օր հետո Արարատ Միրզոյանը զբացեցնելու է խորհրդարանի նախագահի պաշտոնը, ու եթե նա հրապարակավ դեմ է արտահայտվում ԱԺ վերահսկողական գործառույթների ուժեղացմանն, ապա ակամայից խոստովանում է, որ Հայաստանում շարունակում է գործել քաղաքական ավտորիտար մշակույթը, երբ ոչ թե խորհրդարանն է վերահսկում կառավարությանը, այլ գտնվում է վերջինիս գրպանում՝ ընդամենը ստեղծելով խորհրդարանական կառավարման իմիտացիա։