Ալեն Սիմոնյանին բաժին հասնող ԱԺ աշխատասենյակում շինարարական եռուզեռ է

Ազգային ժողովի փոխնախագահների համար նախատեսված աշխատասենյակում ակտիվ շինարարություն է սկսվել: Այն նախկինում զբաղեցնում էր Էդուարդ Շարմազանովը:

Մեր տեղեկություններով այսուհետ այդ աշխատասենյակը պետք է զբաղեցնի Ալեն Սիմոնյանը, որը նոր ԱԺ-ում զբաղեցնելու է փոխնախագահի պաշտոնը։ Պարոն Սիմոնյանը չհերքեց մեր տեղեկությունը՝ նշելով․«Ենթադրում եմ, որ ես եմ այն զբաղեցնելու»: Ապա ընդգծեց, որ շինարարական աշխատանքները իրականացվում են ոչ թե իր միջոցներով, այլ ԱԺ-ի։

«Ես այնտեղ շինարարություն չեմ իրականացնում, Ազգային ժողովն է շինարարություն անում: Սենյակում պատուհանների և սանհանգույցի հետ կապված խնդիրներ կան: Պատուհանները փայտից են, չեն փոխվել և չեն փոխվելու, այն չի փակվում, բռնակների հետ կապված խնդիրներ կան: Սանհանգույցը ևս անմխիթար վիճակում էր և Ազգային ժողովը վերանորոգում է այն»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Մինչդեռ Ազգային ժողովի աշխատակազմից տեղեկացրին, որ խորհրդարանը Շարմազանովի նախկին սենյակի վերանորոգման համար գումար չի հատկացրել: Նշենք, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այդ աշխատասենյակի համար անձնական գույք էր բերել և գնալիս հետը տարել է: Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ գույք է տանելու նոր աշխատասենյակ. «Տանելու եմ այն գույքը, որը հիմա կա իմ աշխատասենյակում, որով աշխատել եմ այս ընթացքում»:

Դիտարկմանը, որ այդ աշխատասենյակը բավականին ընդարձակ է, հնարավոր է, որ չորս սենյականոց բնակարանի չափով այդ աշխատասենյակը կիսվի՝ դառնալով երկու աշխատասենյակ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի բացառվում:

Նշենք, որ այս պահին էլ կան սենյակներ, որոնք նախկին գումարման խորհրդարանի պատգամավորների կողմից ազատված չեն: Երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փորձել են վիճակահանությամբ միմյանց միջև բաժանել աշխատասենյակները, սակայն, գործընթացը կիսատ է մնացել:

Ազգային ժողովի աշխատակազմից փոխանցեցին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին տալու են ՀՀԿ-ական պատգամավորների նախկին աշխատասենյակները, ԲՀԿ-ն մնալու է իր տեղում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները զբաղեցնելու են «Ելք»-ին բաժին հասած հատվածը:

Հայկ Վարդանյան 

factor.am