Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դժվարանում է գնահատել իր աշխատանքը։
«Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», – Ազգային ժողովում լրագրողների ընդունելության ժամանակ ասաց նա։
Հարցին՝ կցանկանա՞ր նոր խորհրդարանում աշխատել, նա պատասխանեց. «Նոր խորհրդարանում չեմ կարող աշխատել, որովհետև ես ինքս իմ թեկնածությունը ի սկզբանե չեմ դրել, որպեսզի ընտրվեմ պատգամավոր։ Կարծում եմ ՝ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել, հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահություն, անեմ այն, ինչը շատ լավ եմ անում, ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան՝ խոսելը»,- ասաց Արա Բաբլոյանը։
Լրագրողի հարցին՝ թվո՞ւմ է, որ տխուր ու հուզված է ԱԺ նախագահը, Արա Բաբլոյանն արձագանքեց. «Ես տխուր չեմ, իսկ հուզմունքը բնական է»։
Արա Բաբլոյանը նշեց, թե հուսով է՝ էլ ավելի զարգացումներ պետք է տեղի ունենան։
«Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը ու կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», – ասաց նա։
Ա. Բաբլոյանն ընդգծեց՝ լրագրողների մեջ էլ կան լավ ու վատ աշխատողներ, ինչպես բժիշկների, ուսուցիչների ու բոլոր մասնագիտությունների մեջ։
«Ես գտնում եմ, որ մենք ձեզ հետ ինչ-որ տեղ կոլեգաներ ենք ու երբ մարդիկ ունեն հոգեկան խնդիրներ կամ հոգեբանական դժավրություններ, նրանք շատ անգամներ դիմում են բժիշկներին, որ ստանան օգնություն, իսկ լրագրողները կարող են հոգեկան ու հոգեբանական հանգստություն առաջացնել ու, ընդհակառակը, ալեկոծոթյուն բերել», – ասաց Ա. Բաբլոյանը։
Aysor.am-ի հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին, Բաբլոյանը պատասխանեց. «Էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել ու զարգացնել ԱԺ գործունեությունը, կարծում եմ՝ մենք որոշակի ձեռագիր թողեցինք, 6-րդ գումարման խորհրդարանը ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցուները, որոնք ամրագրել էինք»։
Աղբյուրը՝ aysor.am