Համաշխարհային բանկը բարելավել է 2019, 2020, 2021 թվականներին Հայաստանի տնտեսական աճի համար իր իսկ ավելի վաղ արած կանխատեսումը: Իհարկե, նոր կանխատեսումը շոշափելիորեն չի տարբերվում, սակայն էական է, անշուշտ, միտումը, որը դրական է, նաև միջազգային սպասումների ձևավորման տեսանկյունից: Հարցը սակայն այն է, որ կանխատեսումները յուրօրինակ ավանս են, որոնք դեռ պետք է ուղեկցվեն արդեն տնտեսական քաղաքականության շատ կոնկրետ քայլերով: Իսկ այստեղ, իհարկե, ամեն ինչ առայժմ շարունակում է կախված մնալ մի հարցից՝ կառավարության ձևավորում:
Օրերս հայտնի դարձավ խորհրդարանի կազմը, թե ովքեր են լինելու մեծամասնության պատգամավորները և ԲՀԿ ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ ներդրումային և ընդհանրապես սպասումների տեսանկյունից առանցքայինն այն է, թե ովքեր են կազմելու գործադիր իշխանությունը, որն աշխատելու է անմիջական տնտեսական քաղաքականության ուղղությամբ՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ ոչ միայն տնտեսական քաղաքականության ուղղությունն է խնդիրը, այլ ընդհանրապես պետական կառավարումն ու դրա տակ եղած փիլիսոփայությունը: Մայիսին ձևավորված, հետո որոշակի իրադարձությունների արդյունքում փոփոխությունների ենթարկված կառավարության կազմավորումը հասկանալիորեն հեղափոխական տրամաբանությամբ էր, և հանրությունն ու արտաքին դիտարկող սուբյեկտները, անշուշտ, ընկալում էին օբյեկտիվ իրողությունն ու, ըստ այդմ, կազմավորման գործընթացում հնարավոր անհասկանալի, առաջին կամ նույնիսկ մի քանի հաջորդ հայացքներից հետո չընկալվող որոշ նշանակումներ:
Ի վերջո, անցնող յոթ-ութ ամիսները մի շարք առումներով ադապտացիոն էին նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար: Ընդ որում` խնդիրն այստեղ մարդկանց գնահատելու հարցը չէ, այլ գնահատման չափանիշների: Անցնող ամիսների առումով շատ կարևոր է ոչ թե այն, թե ում հանդեպ ինչ եզրակացության է եկել Փաշինյան վարչապետը, ում ինչպես է ճանաչել, հասցրել գնահատել կարողություններն ու աշխատունակությունը, ումից է գոհ կամ դժգոհ, այլ հիմնարար, առանցքային նշանակություն ունի այն, թե ինչ կոնկրետ չափանիշներ ու չափումներ է նա իր համար սահմանել, որպես կադրային առավելագույնս արդյունավետ լուծումների նախադրյալ և մեկնակետ: Այսինքն՝ ո՞րն է վարչապետ Փաշինյանի գնահատման համակարգի կառուցվածքը: Սա, իհարկե, հրապարակման ենթակա ցուցակ չէ, ոչ թե գաղտնիության տեսանկյունից, այլ պարզապես թղթի վրա հստակ և լիարժեք ձևակերպելիության անհնարինության, որովհետև, ի վերջո, չնայած ընդհանուր չափանիշներին, յուրաքանչյուր անձ պահանջում է իր հանդեպ յուրովի դիտարկում, ըստ այդմ նաև ոչ ունիվերսալ չափանիշների և չափումների համակարգ: Ըստ այդմ՝ ինքնին չափել վարչապետի գնահատման մեխանիզմը, հնարավոր չէ, դա կարելի է անել հետին թվով՝ նշանակումից և նշանակված անձի աշխատանքի արդյունքից:
Սակայն, այդուհանդերձ, դրանից չի փոխվում հիմնարար հարցի կարևորությունը՝ անցնող ամիսներին որպես պետական կառավարման համակարգի թիվ մեկ պատասխանատու, որպես վարչապետ կադրային ընտրության ի՞նչ սկզբունքներ է իր համար որդեգրել Նիկոլ Փաշինյանը, ի՞նչպիսի փոփոխության են ենթարկվել դրանք անցնող ամիսների ընթացքում: Որովհետև փոփոխության չենթարկվել դրանք ուղղակի չէին կարող, օբյեկտիվորեն, դա է պահանջում էվոլյուցիոն տրամաբանությունը: Հետևաբար` հանրությունը նոր կառավարության կազմավորման առումով պետք է տեսնի արդեն նոր իրավիճակի տրամաբանությունը, դա պետք է լինի արտահայտիչ, ու չնայած, ի վերջո, աշխատանքի արդյունքն է ցույց տալու որևէ նշանակման էֆեկտիվության ամբողջական պատկեր, այդուհանդերձ, կասկած չկա, որ նոր կառավարությունն արդեն պետք է ինքն իսկ իբրև պատկեր լինի ոչ թե հեղափոխության, այլ աշխատանքի արդյունք:
Աղբյուրը՝ 1in.am