Նորընտիր Ազգային ժողովի կին պատգամավորների թիվը կլինի 32. նախորդ գումարման խորհրդարանում նրանք 18-ն էին: Կանայք կազմելու են 7-րդ գումարման ԱԺ-ի 132 պատգամավորների մոտ 25 տոկոսը:
«Իմ քայլը» դաշինքից խորհրդարանում կլինի 23 կին պատգամավոր։ Նրանցից մեկը՝ Լենա Նազարյանն առաջին անգամ չէ, որ պատգամավորի մանդատ է ստանում: Նազարյանը 6-րդ գումարման Ազգային ժողովում եղել է «Ելք» խմբակցության ղեկավար:
«Իմ քայլը» դաշինքի կին պատգամավորներն են Լիլիթ Մակունցը, Հռիփսիմե Գրիգորյանը, Տաթևիկ Գասպարյանը, Թագուհի Թովմասյանը, Արփինե Դավոյանը, Լիլիթ Ստեփանյանը, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, Մարիա Կարապետյանը, Նարինե Խաչատուրյանը, Գայանե Աբրահամյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Աննա Կարապետյանը, Քրիստինե Պողոսյանը, Թագուհի Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ծովինար Վարդանյանը և Արուսյակ Ջուլհակյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից խորհրդարանում կլինի 5 կին պատգամավոր: Նրանք բոլորն էլ ունեն պատգամավորի փորձառություն: Նաիրա Զոհրաբյանը, Նորա Առուստամյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանն ու Կարինե Պողոսյանը ներկայացված են եղել 6-րդ գումարման Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցությունից: Ի դեպ, նախորդ գումարման ազգային ժողովում ամենամեծ թվով կին պատգամավորներ ուներ հենց «Ծառուկյան» խմբակցությունը՝ 9 պատգամավոր:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 4 կին պատգամավորներից Մանե Թանդիլյանը ևս առաջին անգամը չէ, որ մանդատ է ստանում: Նախքան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնելը Թանդիլյանը ներկայացված է եղել 6-րդ գումարման ԱԺ-ում «Ելք» խմբակցությունից: 7-րդ գումարման Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից կլինեն նաև Անի Սամսոնյանը, Աննա Կոստանյանն ու Սրբուհի Գրիգորյանը: Անի Սամսոնյանը մինչ այս եղել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ:
Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքն ստանում է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասուրի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին, հունվարի 10-ին պատգամավորները կստանան մանդատները:
Աղբյուրը՝ 1in.am